Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

850 դոլարով ձեռք են բերում անձնագիր ու հայտնվում Եվրոպայում

Հասարակություն
530f5d22efba140ab06a955702685fff

Այս օրերին Եվրոպայում շարունակվում է միգրանտների ներհոսքը։ Վիճակագրական տվյալներով՝ ապօրինի ներգաղթյալների 40 տոկոսը Սիրիայից են, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանց մի զգալի մաս ամենեւին էլ սիրիացի չեն. «Սիրիացու անվան տակ, Եվրոպայում են փորձում հայտնվել նաեւ այլ երկրների միգրանտներ, քանի որ Եվրոպայում սիրիացիների համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Նրանք ընդամենը 850 դոլարով ձեռք են բերում անձնագիր ու հայտնվում Եվրոպայում»,- նշում է արաբագետ Արմեն Պետրոսյանն ու հավելում, որ այս միտումը կարող է վտանգների բերել. «Մի հոլանդացի լրագրող փորձ է արել գնել անձնագիր, որի մեջ փակցված է եղել Հոլանդիայի վարչապետի նկարը։ Նա ապացուցել է, որ անձնագիր տրամադրելիս ոչ-ոք անգամ նկարին չի նայում։ Սա նշանակում է, որ նույն ճանապարհով Եվրոպայում կարող են հայտնվել բազմաթիվ ահաբեկիչներ, ինչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ»։ Արաբագետի համոզմամբ՝ փախստականների ճգնաժամը ցույց տվեց, որ Եվրոպան նույնպես ճգնաժամի առաջ է կանգնած. «Այնտեղ արժեքային ճգնաժամ է, Եվրոպան գերի է ընկել իր քարոզած արժեքներին, հիմա հանուն մարդու իրավունքների պաշտպանության նա պետք է ընդունի ապօրինի ներգաղթյալներին»։ Արմեն Պետրոսյանի գնահատմամբ՝ այս իրավիճակը չափազանց ձեռնտու է նաեւ Ռուսաստանին. «Բոլորի ուշադրությունը շեղվել է Ուկրաինայից, բոլորը խոսում են Սիրիայի ճգնաժամի մասին։ Ռուսաստանին ձեռնտու է նաեւ դիվանագիտական աղմուկը, քանի որ նա լուրջ խնդիրներ ունի երկրի ներսում, իսկ այսպես նա հասարակության ուշադրությունը շեղում է ներքին խնդիրներից»։