Իրազեկելով՝ փորձում են փրկել Աղստև գետը
Տավուշի մարզի երիտասարդների շահերի պաշտպանության խումբն Իջևան քաղաքում իրականացրեց համայնքային երկրորդ նախագիծը, որի նպատակն էր բնակչության շրջանում բարձրացնել բնապահպանական իրազեկության մակարդակը Աղստև գետի աղտոտվածության նվազեցման և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ: Ծրագրին աջակցեց Իջևանի քաղաքապետարանը (քաղաքապետ Վ.Ղալումյան): Մինչ այդ խմբի անդամներն իրենց գործունեությունն ներկայացնելու և ֆոնդահայթայթման նպատակով հանդիպել էին համայնքի ղեկավարի հետ, ով ողջունելով համագործակցությունը, խոստացել էր աջակցել:
Նախագծի գաղափարը ծագել է խմբի կողմից Իջևանում անցկացված հանրային հարցումների ընթացքում վեր հանված նշյալ հիմնախնդրի և դրա լուծման համար առաջարկությունների հիման վրա. իրազեկությունը բարձրացնող ցուցանակների տեղադրում, սեմինարներ, քարոզարշավներ, հսկողության խստացում և այլն: Ցանկանալով իրականացնել առաջարկություններից մեկը, խմբի անդամները Վորլդ Վիժն Հայաստանի և համայնքի ղեկավարության աջակցությամբ Աղստևի առափնյա բանուկ հատվածներում տեղադրեցին իրազեկող ցուցանակներ՝ կենցաղային աղբի որոշ տեսակների քայքայման ժամանակահատվածի և վնասակարության վերաբերյալ:
Օրինակ, պաստառներից մեկը պատկերում է պլաստմասսե թափոն, որը քայքայվում է 500 տարում, իսկ ծխախոտի մնացորդը՝ 100 տարվա ընթացքում և այլն: Խմբի անդամներից 14 ամյա Լաուրա Ուլիխանյանը, ով արդեն մեկ տարի է խմբի աշխատանքներում ներգրավված ակտիվ երեխաներից է, նշեց. «Այս նախաձեռնութունը շատ կարևոր է համայքնի զարգացման, մարդկանց գիտակցության բարձրացման և շրջակա միջավայրի պահպանության համար»:
Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի Իջևան տարածքային զարգացման ծրագրի շրջանակում: Շահերի պաշտպանության խմբի նպատակն է մարզի համայնքներում իրականացնել քաղաքացիական նախաձեռնություններ՝ համագործակցելով պետական ու հասարակական կառույցների հետ:
Վորլդ Վիժն Հայաստանի Իջևանի գրասենյակ