«Mersedes S –ը Սերժ Սարգսյանը մեր քաղաքական կյանք է բերում ոչ իր համար» (տեսանյութ)
Սերժ Սարգսյանի Սահմանադրությունը հանրապետական Վահրամ Մկրտչյանի համար բիզնես դասի Mersedes S տեսակի ավտոմեքենա է։ Նրա հակառակորդներն ուզում են իրենց Զապորոժեցը վարել. «Ոչ»-ի կողմնակիցները հին Զապորոժեցի... ոչ թե գերադասում են Մերսեդեսից հինը, այլ հնի համակարգն իրենց համար արդյունավետ պայմաններ է ծնում»։ Վահրամ Մկրտչյանն ակնարկում է, որ վերջին թողարկման գերմանական մեքենան Սերժ Սարգսյանը մեր քաղաքական կյանք է բերում ոչ իր համար։ Սակայն Հանրապետական պատգամավորը չի կարող որեւէ երաշխիք տալ, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո Սերժ Սարգսյանը չի ցանկանա զբաղեցնել այդ պաշտոններից որեւէ մեկը. «2018-ից հետո կյանք կա, հանգամանքներ կարող են փոխվել»։ ՀՀԿ խմբակցության անդամ Լեւոն Մարտիրոսյանը նոր Սահմանադրության մի կետի՝ երկրորդ փուլի ակտիվ հակառակորդներից է. «Խելագարության կանխավարկածից ելնելով մենք կարող ենք երկրորդ, երրորդ, չորրորդ փուլեր նախատեսել՝ ենթադրելով, որ առաջին փուլից հետո քաղաքական ուժերը չեն կարող պայմանավորվել»։ Խմբակցության անդամը նույնպես վստահում է վարչապետ եւ ԱԺ նախագահ չդառնալու մասին Սերժ Սարգսյանի բանավոր ասած խոսքին՝ եթե ասել է, ուրեմն կանի. «Օրենքով որեւէ բան չի խանգարում իրեն, օրինակ, վարչապետի պաշտոնը գրավելու, չի խանգարում։ Այժմ էլ չի խանգարում»։ Լեւոն Մարտիրոսյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի կեղծում՝ նա չի հայտարարել, որպեսզի անցկացնի իր նախագիծը. «Նախագիծը կարող է անցնել ամեն դեպքում, որեւէ խանգարող հանգամանք չկա»։ Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացը քաղաքական ուժի վերարտադրության մասին է. «Ես չեմ ասում, որ այդ կուսակցությունն անպայման Հանրապետականն է լինելու, գուցե այլ լինի, բայց էսօր ամենամեծ լծակը,-մենք էս երկրից ենք, չէ՞,-գործող իշխանությունն ունի վերարտադրվելու»։ Ընդդիմադիր պատգամավորը նկատի ունի, որ գործող հանրապետականների մի մասը իշխանություն ուներ դեռ 90-ականներից եւ անընդհատ վերարտադրվել է. «Մեզ մոտ գաղափարախոսությունը ածանցյալ է հացի խնդրից»։ Նոր Սահմանադրությունը պետք է լուծի քաղաքական մենաշնորհի վերացման հարց, հանրապետականները կարծես թե դա էին ուզում անել, ստացվել է լրիվ հակառակը. «Ոչ միայն փաստացի վիճակն են թողել նույնը, այլ նաեւ էդ խնդիրը բարձրացրել են սահմանադրական սկզբունքի մակարդակի։ Այսինքն, ցանկացած ուժի սահմանադրությունը պարտադրում է իշխող, որ ինքը անպայման կայուն մեծամասնությունը ունենա»։