«Ո՞վ է ասել, որ կա «Ոչ»-ի շարժում, էդ ովքե՞ր են». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
Ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով, Նոր սահմանադրության նախագիծը բոյկոտելու տարբերակ չկա, հնարավոր է միայն «Այո»-ն կամ «Ոչ»-ը. «2005 թվականին Ռոբերտ Քոչարյանը մի մեծ ական դրեց Սահմանադրության տակ»։ Իրավաբան Էդմոն Մարուքյանն այն պատգամավորներից էր, որն, ի տարբերություն Կարո Կարապետյանի, Նոր Սահմանադրության նախագծի քննարկման շրջանակներում չհանդիպեց Սերժ Սարգսյանի հետ։ Դա չի նշանակում, որ նա «Ոչ» է ասելու նախագծին. «Ո՞վ է ասել, որ կա «Ոչ»-ի շարժում, էդ ի՞նչ շարժում ա, էդ ովքե՞ր են էդ «Ոչ»-ի շարժումը»։ Մամուլից, իհարկե, պարոն Մարուքյանը տեղյակ է, որ կան նախագիծը տապալելու դեմ ստեղծված մի շարք շարժումներ։ Անկախ պատգամավորը չգիտի, թե նրանց ուզածն ինչ է. «Մի մասի ուզածը իշխանափոխությունն ա, մի մասը մտածում ա, որ հանրաքվեն չանցնի՝ իշխանափոխություն կլինի»։ Էդմոն Մարուքյանը դեռ պետք է հասկանա, թե ումից է իշխանափոխություն պահանջում եւ ում իշխանափոխությունն է պահանջում. «Ոչ թե կողմ չեմ, ես կողմ եմ իշխանափոխության ընտրությունների միջոցով։ Դրա համար պատրաստվում եմ հաջորդ ընտրություններին»։ Պատգամավորը հեղափոխական ճանապարհով իշխանափոխությունների տարբերակին լուրջ չի վերաբերվում, մինչեւ հիմա դրանք ձախողվել են. «Դրա համար էդ ձախողված ճանապարհները եւս մեկ անգամ դնել քննարկման առարկա դարձնել, անիմաստ է»։ «Բարգավաճ Հայաստանը» այս ամռանից հայտարարում է, որ ինքը «Ոչ»-ի կողմնակիցների հետ չէ, հիմա կուսակցությունը ճշտել է նաեւ մարզերի իր անդամների տեսակետը՝ ոչ մեկը «Ոչ»-ին այո չի ասում։ Չարժե նոր Սահմանադրության նախագծի պատճառով, ըստ Վահե Էնֆիաջյանի, գնալ կտրուկ առճակատումների, պետք է համապատասխան միջավայր, որպեսզի մարդիկ դիրքորոշում հայտնեն, սա կօգնի նաեւ հանրաքվեն անմիջականորեն վերահսկող ընտրական հանձնաժողովների անդամներին։ Ի դեպ, պարոն Էնֆիաջյանն իր անձնական մոտեցումն ունի, թե որ ճամբարում է լինելու ինքը՝ «Այո»-ի, թե՝ ոչ «Այո»-ի. «Ես ինքս «Այո» եմ ասելու»։