Ինչու Ռուսաստանը Հայաստանին նվերներ չի մատուցում (տեսանյութ)
Պուտին-Սարգսյան հանդիպման հիմնական թեմաներից մեկը, ըստ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի, կարող է լինել սիրիական հակամարտությունը. «Հայաստանի դիրքերը, կապերը Սիրիայի իշխանության հետ շատ ուժեղ են, համայնք կա»։ Քաղաքագետը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանային գնդակոծությունները նույնպես դարձել են Պուտին-Սարգսյան հանդիպման թեման։ Նա լուրջ դժգոհություններ ունի Ռուսաստանից, որը զենք է վաճառում Ադրբեջանին. «Դու ուժեղացնում ես միլիտարիզացիան, ռազմականացնում մեր տարածաշրջանը։ Դա մեզ համար վտանգ է, ստիպում ես մեզ նաեւ ծախս անես»։ Քաղաքագետը հիացած չէ այն փաստից, որ Ռուսաստանը մեզ 200 միլիոն դոլարի վարկ է տալիս Ադրբեջանական սպառազինության դեմն առնելու համար, բայց դա մի մեծ լավություն չէ. «Ռուսաստանը կարող էր անհատույց մեզ տրամադրել վարկեր մեր ԵՏՄ անդամակցությունից հետո, ուղղակի ասենք, 1 միլիարդ, 1.5 միլիարդ, 2 միլիարդ»։ Ղազախստանին, օրինակ, Ս-300 հինգ հրթիռային համակարգ է նվիրել, մեզ էլ կարող էր նվիրել, մենք էլ ենք արժանի։ Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը հիշեցնում է, որ Ռուսաստանը չի դադարում այս տարածաշրջանում հետաքրքրություններ ունենալ, միայն Հայաստանը քիչ է նրա համար։ Ըստ քաղաքական վերլուծաբան Գեւորգ Մելիքյանի՝ «Այս վերջին զարգացումները ռուս-ադրբեջանական հարաբերություններում կարող են մտահոգիչ լինել մեզ համար, որովհետեւ չի բացառվում, որ ինչ-որ հարցերում Ռուսաստանը փոխարինող գտնի հանձին Ադրբեջանի Հայաստանի հարաբերություններում»։ Լյուդմիլա Սարգսյանը չի կարծում, թե այսօր իսկական ժամանակն է, որ Ռուսաստանը մեզանից երես թեքի, հենց այսօր են մեր շահերը համընկնում. «Այսօր Ռուսաստանին առավել քան անհրաժեշտ է, որ մենք ամուր լինենք էստեղ, նա չի առաջնորդվում մեր շահերով, նա առաջնորդվում է իր աշխարհաքաղաքական շահերով»։ Պուտին Սարգսյան հերթական հանդիպման արդյունքը, նրա կարծիքով, Հայաստանի համար շատ ողբերգական չի լինի եւ մենք հերթական ռազմավարական օբյեկտը չենք կորցնի. «Մենք զիջելու ոչինչ էլ չունենք»։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության մասով Պուտին-Սարգսյան բանակցություններին, տիկին Սարգսյանը չի բացառում, որ նրանք անդրադարձել են հակամարտությանը, սակայն վերջին օրերի ուժեղ հրետակոծության մեջ նա տեսնում է Ռուսաստանից անկախ մի երեւույթ. «Ինչ-որ դեպքում իշխանությունը պահելու, ինչ-որ դեպքում վերընտրվելու համար սրում են իրավիճակը, բայց ժողովուրդն է մեջտեղում հիմնական տուժողը»։