Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյուլը Երևանում. հայերը զինանշանի վրայից ջնջում են Արարատը. ANI ARC

Քաղաքականություն
turq

ՅՈԹ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԱՅՍ ՕՐԸ՝ 2008-ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ին ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼԵՑ ԱԲԴՈՒԼԼԱՀ ԳՅՈՒԼԸ: Ներկայացնում ենք հատված ՀԱՅԵՐԸ և ԹՈՒՐՔԵՐԸ գրքից 2008թ. սեպտեմբերի 6-ի կեսօրին ՙԶվարթնոց՚ օդանավակայան` Արարատ սարի ստվերի ներքո, վայրէջք կատարեց ՙԷյրբաս-319՚ օդանավը, որի թևերի վրա ամբողջությամբ պատկերված էր մահիկ-աստղով թուրքական վառ կարմիր դրոշը: Օդանավի շարժասանդուղքով իջնում և բեղերի տակից ինքնագոհ ժպտում էր Գյուլը: Երիտասարդ դաշնակցականների սուլոցների և ՙճա-նա-չում՚ վանկարկումների ներքո Գյուլը օդանավակայանում իրեն դիմավորող արտգործնախարար Նալբանդյանի հետ տեղավորվեց հատուկ Թուրքիայից ուղարկված զրահապատ մեքենայի մեջ: Հայաստանի իշխանությունները ամեն ինչ արել էին, որպեսզի Գյուլին հնարավորինս հեռու պահեն այդ օրերին կառավարության մաս կազմող Դաշնակցություն կուսակցության բողոքի գործողություններից: ՙԵս Կարսից եմ՚, ՙԵս Արդահանից եմ՚, ՙԵս Վանից եմ՚, ՙԵս Իգդիրից եմ՚. այսպիսի ցուցապաստառներով հազարավոր հայեր Երևանի կենտրոնական պողոտաներում, որտեղով պիտի անցներ Գյուլը, ՙկենդանի շղթա՚ էին կազմել և իրենց բողոքն էին հայտնում Թուրքիայի նկատմամբ: Բաղրամյան պողոտայում կագնած Անահիտ Բերբերյանը, ում նախնիները տունն ու կահկարասին կորցրել են Վանում, մի ցուցապաստառ էր պարզել, որի վրա գրված էր. ՙԻմ հայրենի տունը Վանա լճի մոտ է՚: ՙԵս Վանը տեսել եմ միայն լուսանկարներով: Մտածում եմ, որ եթե գնամ Վան,  հայրենազրկության ցավը շատ ավելի սուր կզգամ՚,- ասում էր նա և ցուցապաստառը ձեռքին սպասում Գյուլին, որի զրահապատ մեքենան պիտի անցներ Բաղրամյան պողոտայով: Արմինե Խաչատուրյանը արմատներով Կարսից է: ՙԵս մեծացել եմ հայրենազուրկի ընտանիքում, իմ տատն ու պապը մեծացել են ամերիկյան մանկատանը: Նրանք ցեղասպանության ժամանակ կորցրել են իրենց ծնողներին: Իմ տատը մինչև մահ երազում գաղթ էր տեսնում ու վեր էր թռչում անկողնուց: Նա անգամ երազում փախչում էր թուրքերից՚,- ասաց Գյուլին սպասող միջահասակ կինը: Թուրքիայի նախագահի այցը, սակայն, համընդհանուր ընդվզում չառաջացրեց Հայաստանի քաղաքական և հասարակական շրջանակներում: Դաշնակցական գործիչ Արմեն Ռուստամյանը այսպես նկարագրեց այդ օրերի պատկերը. ՙՄի անհասկանալի, կենցաղային մակարդակի ոգևորություն է տիրում, կարծես մեր կորած եղբորն ենք գտել՚: Հայաստան-Թուրքիա հանդիպումից մի քանի օր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր զինանշանը փոխել էր. եթե արդեն հին զինանշանի վրա Արարատ սարն էր` հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկը, ապա նորի վրա ուղղակի գնդակ էր  նկարված: Հայաստանի ֆուտբոլիստների մարզաշապիկի վրայից հանվել էր նաեւ Արարատ սարի պատկերը: Քննադատության հուժկու ալիքի հանդիպելով` ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը պաշտպանվելով արձագանքեց. ՙԵս ընդունում եմ, որ իրոք սխալ ենք թույլ տվել: Բայց դա չի նշանակում, որ ինձ պետք է մեղադրել յուրաքանչյուր մեղքի համար: Ես չեմ ստորագրել Ալեքսանդրապոլի կամ Կարսի պայմանագրերը՚: Ընտրական հանդիպումից մեկ ամիս անց Արարատ լեռը նորից դրվեց ֆուտբոլի ֆեդերացիայի լոգոյում նոր ձևավորմամբ: Սեպտեմբերի 6-ին հայաստանյան օրաթերթերի մեծ մասը իրենց վերջին էջը նվիրել էին Գյուլին: Ողջույն-գովազդում` անգլերենով և հայերենով ասվում էր. ՙԲարի գալուստ մեծարգո նախագահ Աբդուլլահ Գյուլ: Արդար խաղ ոչ միայն 90 րոպեների ընթացքում: Դա է մեր ցանկությունը՚: Հայկական եթերը հեղեղված էր ՙհայ-թուրքականությամբ՚: Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց մի խնձորենի, որը սեպտեմբերին ծաղկել էր, և դա, որպես ավետիս, կապվեց Գյուլի այցի հետ: Արմեն Այվազյանը նկատում է. ՙՔարոզչական աշխատանք տարվեց ժողովրդի հետ` թուրքասիրական մոտիվներով, խեղաթյուրվեցին մեր մի շարք խորհրդանիշներ` զինանշանի վրայից Մասիսների վերացումը, անհասկանալի կոչը` ոտքի կանգնել Թուրքիայի հիմնի հնչեցման ժամանակ: Իսկ ո՞վ է ասել, որ պետք է կանգնել, և ինչո՞ւ հայը պետք է հարգի օրհներգը մի պետության, որի քաղաքականությունն իր նկատմամբ թշնամական, հարձակողական ու վիրավորական է՚: Թուրքիայում ևս միանշանակ չընկալվեց Գյուլի Երևան այցը: ՙՄիգուցե Գյուլը գնար և աղոթեր Հայոց ցեղասպանությանը նվիրված վայրում և ծաղկեպսակ դներ այնտեղ՚,- հայտարարեց Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Բայքալը: ՙՀայաստանը ճանաչե՞լ է Թուրքիայի սահմանները, հրաժարվե՞լ է ցեղասպանության պնդումներից, զորքերը դուրս բերու՞մ է Ղարաբաղի գրավյալ հողերից: Եթե այս քայլերը տեղի չեն ունեցել, ապա ինչու՞ է նա գնում՚: Գյուլի Երևան այցի նախօրեին գրավոր հայտարարություն տարածեց ԱՇԿ առաջնորդ Բահչելին. ՙՊատմական սխալ կլինի գնալ Հայաստան` տեղի տալով արտաքին ճնշումներին և պարտադրանքին և ենթարկվելով հայկական լոբբիին երկրի ներսում: Նման գործելակերպը կվիրավորի Թուրքիայի արժանապատվությունը՚: Ի պատասխան, արտգործնախարար Բաբաջանը հիշեցրեց Բահչելիի կուսակցության հիմնադիր, հանգուցյալ Ալփասլան Թյուրքեշի և հայ պաշտոնյաների, այդ թվում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի միջև նախկինում եղած շփումների մասին: ՙԳյուլը մտադիր էր գնալ: Ոչ բոլոր դիվանագետներն էին գոհ այդ քայլից: Նա շատ նամակներ ստացավ, որոնցում խորհուրդ էր տրվում չգնալ Երևան: Կար անվտանգության խնդիր, սադրանքների վտանգ: Մի փոքրիկ միջադեպն անգամ կարող էր ամեն ինչ փչացնել՚,- ասել է մի թուրք պաշտոնյա: Որևէ տհաճ միջադեպ թույլ չտալու համար հայկական կողմն արել էր ամեն ինչ: Բացի այդ, Թուրքիայի նախագահի անվտանգությունը, հայ գործընկերների հետ, ապահովում էր մոտ հինգ տասնյակ հոգանոց թուրքական պահակազորը: Երևանում և ՙՀրազդան՚ մարզադաշտում Գյուլի անվտանգությունը ապահովելու նպատակով թուրքական կողմը 8 դիպուկահարների էր գործուղել, ովքեր պետք է աշխատեին հայ դիպուկահարների հետ համատեղ: Ֆուտբոլային հանդիպման ընթացքում հնարավոր հարձակման չենթարկվելու համար նախագահներ Սարգսյանի և Գյուլի նստատեղերի առաջ փամփշտարգել ապակիներ էին տեղադրվել: Երևան էին ուղարկվել Գյուլի զրահապատ մեքենան ու պահպանության սարքավորումները: Ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի նախագահի հետ միասին դիտելը Գյուլի այցելության վերջին հատվածն էր: Մինչ այդ` օդանավակայանից Թուրքիայի նախագահը ուղևորվել էր հյուրանոց` ոգևորելու թուրք ֆուտբոլիստներին: Ապա Թուրքիայի նախագահին առաջնորդեցին Բաղրամյան 26` նախագահական պալատ: Ընդունելության մեծ դռների մոտ կողք-կողքի դրված էին հայկական եռագույնն ու թուրքական կիսալուսին-աստղը: Թուրքիայի նախագահը դուրս է գալիս զրահապետ մեքենայից, աստիճանների մոտ նրան դիմավորում է Հայաստանի նախագահը: Ահա և պահը. իրար ձեռք են սեղմում և լայն հայացքներով երկար ժպտում Սարգսյանն ու Գյուլը: Սեպտեմբերյան արևի տակ նրանց դեմքերը պայթում էին հրճվանքից: Գյուլը Հայաստանում մնաց միայն վեց ժամ, այդ ընթացքում նրան բերած նախագահական ինքնաթիռի շարժիչը չանջատվեց: Բանակցությունների ընթացքում, ըստ հեռուստաընկերությունների ցուցադրած պահերի, նախագահները ակնհայտորեն գոհ տպավորություն էին թողնում: Նրանք ձեռքի շարժումով և չափազանց գոհ ժպիտներով ողջունում էին նաև մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներին: Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարներն իրենց զրույցը շարունակել են աշխատանքային ընթրիքի ժամանակ: ՙԱռաջին հանդիպումը շատ լավ անցավ: Նրանք (հայերը) օղի էին խմում, նախագահը (Գյուլը) նարնջի հյութ: Նրանք մանրամասների մեջ չմտան, բայց ընդհանուր առմամբ նրանց մոտեցումները համընկնում էին՚,- ասել է հանդիպմանը ներկա մի թուրք պաշտոնյա: Ընթրիքից հետո Սարգսյանն ու Գյուլը ուղևորվեցվին ՙՀրազդան՚ մարզադաշտ: Թուրքիայի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում