«Սերժ Սարգսյանը, պայմանականորեն ասած, դառնում է գենսեկ»
ԱԺ-ում այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ անցկացվող խորհրդարանական լսումներին ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ելույթ ունենալով, հայտարարեց, որ կառավարման պառլամենտական ձեւը մեզ մոտ չի անցնում, լավագույն տարբերակը կլինի երկպալատանի ԱԺ-ն՝ սենատը: Նա նաեւ նշեց, իր խոսքերով ասած, մի շարք «լյապեր», որոնք առկա են նոր Սահմանադրության նախագծում: Մասնավորապես նրա խոսքը վերաբերում էր ԿԲ-ի, ֆինանսական կայունության ոլորտներին: Ելույթ ունեցավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա իր խոսքում նշեց, որ Սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը պայմանականորեն ասած՝ դառնում է «գենսեկ»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, իր ելույթում արձագանքեց Լեւոն Զուրաբյանին՝ ասելով. «Շնորհակալ եմ, որ դուք ընդունում եք, որ ՀՀԿ շանսերը 2017թ. խորհրդարանական ընտրություններին հաջողության հասնելու, ամենամեծն են, թեեւ մենք ազատ մրցակցության կողմնակիցն ենք: Այս նոր Սահմանադրությամբ փորձում ենք զարգացնել ժողովրդավարական ավանդույթները՝ քաղաքական հավասարակշռության սկզբունքով: Բացի այդ, ավելացրել ենք ընդդիմության դերակատարումը»: