Ով ինչի համար է պատասխանատվություն կրելու
ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր անցկացնում է խորհրդարանական լսումներ՝ Սերժ Սարգսյանի ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Ներկա են բոլոր խմբակցությունների պատգամավորներ, ինչպես նաեւ՝ արտախորհրդարանական ուժեր, ՀԿ-ներ: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացրեց Սերժ Սարգսյանի պաշտոնական ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Նա հերթով անդրադարձավ 1991թ. եւ 2005թ. ընդունված Սահմանադրությունների առանձնահատկություններին՝ նշելով, որ առաջին Սահմանադրության պարագայում, որն ունեցավ շատ ավելի երկար կյանք եւ կարողացավ լուծել այն խնդիրները, որոնք ներկայացվել էին դեռ հայեցակարգում, իշխանակենտրոն, անձնակենտրոն իշխանական համակարգով էր օժտված. «Առաջին Սահմանադրության առանցքում ոչ թե մարդն էր, այլ ՀՀ նախագահն էր՝ իշխանական բոլոր ճյուղերի նկատմամբ իր գերակա դիրքով»: 2005թ. Սահմանադրությունը, ըստ Վարդան Պողոսյանի, կարեւոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորմամբ՝ չկարողացավ ամբողջականորեն լուծել մարդակենտրոն իշխանության անցումը: Այս նոր նախագծով, նրա խոսքերով, փորձ է արվել լուծել ներսահմանադրական բացերն ու անհստակությունները: Պարոն Պողոսյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների առանցքային կետերը, որոնցից մեկը, ըստ նրա, մարդու հիմնարար ազատություններն են, որոնց պաշտպանությունը երաշխավորված է: Վարդան Պողոսյանի խոսքերով՝ ներկայացված նախագծով աղմկահարույց դարձած դրույթը՝ կառավարման համակարգի փոփոխությունը, խիստ կարեւոր է. «Գործող համակարգը երկու արմատական խնդիր չի կարողանում լուծել՝ երբ ԱԺ մեծամասնությունը հակադիր է ՀՀ նախագահին, կամ եթե այդ մեծամասնությունը չկա ու չի վայելում աջակցություն, ինչպե՞ս է գործնականում լուծվելու իշխանությունների հավասարակշռությունը եւ քաղաքական պատասխանատվությունն ինչպես է լուծվելու, կամ՝ ով ինչի համար է պատասխանատվություն կրելու»: Վարդան Պողոսյանին հատկապես դուր են եկել դատական համակարգի վերաբերյալ առաջարկությունները: Դրանք նա որակեց հեղափոխական: