«Մենք ճկուն ենք գերտերությունների հետ, ի տարբերություն Թուրքիայի» (տեսանյութ)
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ սպասելի էին։ «Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ այդ երկրի ներքին և արտաքին քաղաքական լարված իրավիճակը տեղավորվում է գերտերությունների միջև առկա պայքարի համատեքստում։ Թուրքիայում տեղի ունեցող քրդական բախումները, Միլի մեջլիսում առկա անհամաձայնությունները հանգեցրին այս ընտրությունների անցկացմանը։ Բացի այդ, Էրդողանին չհաջողվեց արևմտյան գերտերությունների հետ շտկել հարաբերությունները»։ Այս համատեքստում բնական է նաև այն, որ իշխող կուսակցությունը չկարողացավ կոալիցիա կազմել։ Սակայն, ըստ թուրքագետի, քրդական բախումները մեզ համար որևէ վտանգ չեն ներկայացնում։ «Սա մի հակամարտություն է, որտեղ քիչ է ներգրավված հայկական կողմը և որևէ զարգացում Հայաստանի վրա չի կարող ազդել։ Հիմա մեր երկիրը վարում է այնպիսի քաղաքականություն, որ հնարավորինս զերծ մնա այդպիսի միջադեպերից և այդ մարտադաշտը չտեղափոխվի այստեղ։ Մեզ համար այժմ ամենաշահավետ տարբերակը չեզոքություն պահպանելն է»։ Պարոն Խուդավերդյանը վստահ է, որ այս պահին մեր երկիրը բավականին ճկուն քաղաքականություն է վարում արևմտյան գերտերությունների հետ, ի տարբերություն Թուրքիայի։