Մհեր Սեդրակյանի հետ էլ չեն կարող ապրել նույն համայնքում (տեսանյութ)
Ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի ընտանիքը մտադիր չէ Հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ ապրել նույն համայնքում՝ Էրեբունիում ։ «Շատ ցավոտ է եղել այն, որ ես բնակվում եմ ոչ միայն Էրեբունիում, այլ Թոխմախում՝ իր տանից վերեւ, ու ընդդիմադիր եմ եւ այնպիսի գործունեություն եմ ծավալում, որ իր բիզնեսներին հնարավոր է վնասի»,- ասում է «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը։ Երկու օր առաջ ծեծի ենթարկված ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը պնդում է, որ դաժան ծեծն իրականացրել են ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի բարեկամներն ու թիկնազորի ներկայացուցիչները։ Դեռեւս մեկ տարի առաջվանից են սկսել հետապնդումներն ակտիվիստի ընտանիքի նկատմամբ, երբ հայտարարել էր, որ «Գազպրոմ Արմենիան» թալանում է ժողովրդին։ Իրեն նույնիսկ լավատեղյակ մի ծանոթ բառացիորեն ասել է. «Մհերին «պռես» են արել գազի պահով , ասել են քո թաղի բնակիչն ա, պետք ա կարգի հրավիրես»։ Թոխմախ կոչվող տարածքում այս ընտանիքին անգամ արգելում էին այգում զբոսնել.«Ասում եմ ինչի՞, ասում են ՝ սեփական է, ասում եմ՝ ումն է, ասում են՝ բա չգիտե՞ս ումն ա»։ Օգոստոսի 14-ի գիշերը Վահան Մարտիրոսյանի բնակարան է ներխուժել մի տղամարդ՝ ասելով. «Եկել եմ պրոբլեմներդ լուծեմ, պրոբլեմ ունես դու»։ Վահանին ծեծին են ենթարկել բակում՝ 2 տարեկան որդու, հարեւանների աչքի առաջ. «Ասում էի՝ ի՞նչ եք անում, ասում էին՝ բա գիտեիր էս օրը չի՞ գալու, կապիկություններ էիր անում։ Ասեցի՝ պատասխան եք տալու, Մհերի բարեկամներից մեկը ասեց՝ դու էդքան կա՞ս, որ Մհերից պատասխա՞ն ես ուզում»։ Ծեծի են ենթարկել նաեւ Վահան Մարտիրոսյանի կնոջը. «Մի 7-8 հոգով ինձ գցեցին գետնին, մեջքիս ու տարբեր մասերի հարվածեցին, տարբեր վնասվածքներ եմ ստացել»,-ասում է կինը։ Ի դեպ, օգոստոսի 15-ի առեւանգել եւ ծեծի են ենթարկել նաեւ «Էյր Արմենիա»-ի տնօրեն Արսեն Ավետիսյանին, որի կինը մեղադրում է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին եւ նրա թիկնազորին։ Հիվանդանոցում գտնվող գործարարի կինը նամակ է հղել Սերժ Սարգսյանին, խնդրել է ապահովել իր ընտանիքի անվտանգությունը։ Արսեն Ավետիսյանը կխոսի առաջիկա օրերին։