Ցտեսություն, ֆուտբոլային Եվրոպա
Հայաստանի ֆուտբոլային ակումբներն ավարտեցին ելույթները եվրոգավաթներում: Մեր թիմերից վերջինը այդ մրցաշարերին հրաժեշտ տվեց Երեւանի «Ալաշկերտը»: Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում մեր թիմը սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Ալմաթիի «Կայրաթին»: Սակայն հաջորդ փուլ մտավ ղազախական ակումբը, քանի որ մեկ շաբաթ առաջ իր հարկի տակ ավելի խոշոր հաշվով էր հաղթել «Ալաշկերտին»՝ 3:0: Այդպիսով, 2015-16թթ չեմպիոնների եւ Եվրոպայի լիգաներին մասնակցած Հայաստանի բոլոր չորս թիմերը դուրս մնացին հետագա պայքարից: Դա նշանակում է, որ հայ երկրպագուն եվրոպական ակումբային ֆուտբոլի ականատես կարող է լինել միայն 11 ամիս անց, 2016 թվականի հուլիսին: Հավելենք, որ մեր թիմերն այս եվրոմրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրին 14 հանդիպում, որոնցից վեցում տարան հաղթանակ, մեկն ավարտեցին ոչ-ոքի եւ 7-ում կրեցին պարտություն: Գնդակների հարաբերությունը՝ 13-22: