Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հրաժարվեց երկու հարձակվողներից

Սպորտ
sport-pyunik1

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» չեմպիոնների լիգայի մրցաշարից դուրս մնալուց հետո հրաժարվեց երկու հարձակվողների ծառայություններից: Խոսքը վերաբերում է անցած առաջնության լավագույն ռմբարկուներից մեկին` Սեսար Ռոմերոյին, եւ վերջերս «Միկայից» թիմ հրավիրված Ջերեմի Ջոնին: «Մեզ պետք չի այնպիսի Ռոմերո, ինչպիսին մենք տեսանք նրան անցած մրցաշրջանի վերջում: Նա թիմին շատ վնաս էր պատճառում թե իր պահվածքով, թե` մարզավիճակով: Բնականաբար, մեզ հարկավոր չեն այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք չեն հետեւում կենսակարգին, անընդհատ քաշի հետ կապված խնդիր են ունենում, կարգապահական խախտումներ են անում: Ուստի ակումբի ղեկավարությունը որոշեց չերկարաձգել նրա պայմանագիրը: Ինչ վերաբերում է Ջերեմի Ջոնին, ապա չեմպիոնների լիգայի խաղերում նա գոլային շատ պահեր կորցրեց: Դա խոսում է այն մասին, որ նա իր խաղամակարդակով չի համապատասխանում մեր պահանջներին: Մենք արդեն նոր հարձակվող ենք փնտրում նրա տեղը» - չեմպիոնների լիգայի «Մոլդեի» հետ խաղից հետո հայտարարեց «Փյունիկի» գլխավոր մարզիչը: Նշենք, որ հանրապետության չեմպիոնը կարճատեւ արձակուրդ է տվել ֆուտբոլիստներին, իսկ հուլիսի 27-ին թիմը կսկսի պատրաստվել Հայաստանի 2015-16թթ առաջնությանը, որը կմեկնարկի օգոստոսի 1-ին: Առաջին տուրում «Փյունիկը» իր հարկի տակ կընդունի «Ալաշկերտին»: