Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիներն անժամկետ նստացույց կսկսեն

Կարևոր լուրեր Տնտեսություն
nairit6

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղվանից անժամկետ նստացույց են սկսում Կառավարության շենքի դիմաց։ «Մինչեւ բոլորի հաշվեհամարներին չփոխանցվի աշխատավարձի պարտքը, մենք չենք հեռանալու այնտեղից»,- այս մասին   «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Հիշեցնենք, որ այսօր, խոստացվածի համաձայն, նաիրիտցիները պետք է ստանային իրենց 18-ից 24 ամիսների աշխատավարձի պարտքը, սակայն երեկ պարզել էին, որ գումարները չեն լինելու։ Պատճառն այն է, որ նաիրիտցիները պետք է պայմանագրեր ստորագրեն, ըստ որի հրաժարվում են չվճարված աշխատավարձերի տույժ եւ տուգանքներից։ Այսօր գործարանի մոտ հավաքված մոտ 500 աշխատակիցներ սպասում են այդ պայմանագրերի ստորագրելուն, սակայն դեռ պայմանագրերը չկան։ «Ոչ ոք հույս չունի, որ ստորագրելուց 3 կամ 5 օր հետո այդ գումարները կստանանք։ Դժվա՞ր էր 40 օրվա մեջ այդ պայմանագրերը պատրաստել»,- նշում է Անուշ Հարությունյանը։ Նաիրիտցիներից շատերը համոզված են, որ սա պարզապես ժամանակ ձգելու միջոց է, քանի որ գումարները չկան։