20 տարում քաղցկեղով հիվանդների թիվը Հայաստանում կրկնապատկվել է (տեսանյութ)
Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանում քաղցկեղով հիվանդ քաղաքացիների թիվը կրկնապատկվել է։ 2012-ին 100 000 մարդուց 240-ը հիվանդ էր քաղցկեղով, ըստ կանխատեսումների՝ 2022-ին քաղցկեղով հիվանդ մարդկանց թիվը ևս 10 000-ով կավելանա։ Հիվանդությունը կրող քաղաքացիների 80%-ի մոտ ցավը միջինից բարձր է։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Ռեյչըլ Դենբերը նշում է. «Պալիատիվ խնամքը թույլ կտա 1000-ավոր մարդկանց ավելի թեթև տանել այդ ահարկու և դաժան ցավը։ Շատ դեպքերում բուժման անհնարինությունը հուսահատեցնում է մարդկանց և այս դեպքում նրանք գոնե կարճ ժամանակ կազատվեն ցավերից։ Պալիատիվ խնամքը նաև Human Rights Watch-ի առաջնահերթություններից է»։ Հայաստանը, ըստ իրավապաշտպանի, այն երկրներից է, որը խիստ մոտեցում ունի այս հարցի շուրջ, ինչն ի վնաս է քաղցկեղով տառապող մարդկանց։ «Հայաստանն ամենախիստ կարգավորումներ ունեցող երկրներից է՝ պալիատիվ դեղորայքի օգտագործման առումով։ 2009 թվականին օրենսդրական որոշակի կարգավորումներ են արվել այստեղ, սակայն դրանք խիստ սահմանափակում են մորֆիի, ափիոնային դեղերի օգտագործումը, որոնք էլ հենց պալիատիվ խնամքի կարևորագույն մասն են կազմում»,- նշում է Ռեյչըլ Դենբերը։ Human Rights Watch-ի՝ Հարավային Կովկասում ներկայացուցիչ Գեորգի Գոգիան նման խիստ կարգավորումները Հայաստանի իշխանությունների կողմից զգույշ քաղաքականության հետևանք է համարում։ «Մենք հանդիպումներ ենք ունեցել իշխանության տարբեր ներկայացուցիչների, առողջապահության նախարարի հետ, սակայն նրանց զգուշավորությունն էլ կապված է վիճակը վերահսկողությունից բաց չթողնելու ցանկության հետ։ Հիմնական մտահոգությունը թմրամիջոցների ապօրինի շուկայի առաջացման հետ է կապված»։