Կավե իրերը հայաստանցիներին չեն հետաքրքրում (տեսանյութ)
Կավի հետ աշխատելիս հարկավոր է համբերություն, սեր ու դրական էներգիա. ասում է 21-ամյա Եվա Գեւորգյանը։ Աշխատելիս որքան էներգիա փոխանցում է կավին, կրկնակին վերադառնում է. «Սկսեցի հասարակ բաներից՝ ձեռքով մշակելուց, բաժակներ սարքելուց, հիմնականում ինչ սովորեցնում են դասական խեցեգործության մեջ»,-ասում է Եվան։ Նա մասնագիտությամբ հագուստի մոդելավորող է, բայց արդեն մեկ տարի է՝ զբաղվում է կավագործությամբ։ Մասնակցում է ցուցահանդես-վաճառքների, անցկացնում կավագործության դասընթացներ, արդյունքներից գոհ է. «Հետք է թողել այն, որ կարելի է կավից ունենալ սպասք, կարելի է ոչ թե պլաստիկ իրեր օգտագործել, այլ կարելի է օգտագործել սեփական ձեռքի աշխատանքներ, որոնք կլինեն յուրահատուկ»։ Երիտասարդ կավագործի աշխատելու մեթոդները երկուսն են. մեկը փորագրելով նկարելն է`փայտիկով, մյուսը թաց կավով աշխատելն է։ Իր սիրելի մեթոդը թաց կավով աշխատելն է. սխալ անելու դեպքում կարող է ուղղել։ Ցավով է նշում՝ կավից պատրաստված իրերով մեզ մոտ այնքան էլ հետաքրքրված չեն. «Հիմնականում տեսնում ենք նույն աշխատանքները Վերնիսաժում, հուշանվերների խանութներում, բայց եթե աշխատանքները յուրահատուկ լինեն, տարբերվող, վաղ թե ուշ ավելի լավ կգնվեն դրանք ե՛ւ տուրիստների կողմից, ե՛ւ հայերի»։ Եվան մտադիր է բացել արվեստանոց եւ հիմնել սեփական բիզնեսը. «Պետք է մարդիկ սկսեն օգտագործել հայկական ապրանքներ, դա ե՛ւ կնպաստի մեր տնտեսությանը, ե՛ւ խեցեգործությամբ զբաղվողների աշխատանքին»։ Մինչ իր խանութ-սրահ ունենալը, Եվա Գեւորգյանը ֆեյսբուքում բացել է իր աշխատանքների համար նախատեսված էջ, որտեղից ընդունում է նաեւ պատվերներ։