Բնապահպանը դեմ չէ նոր ատոմակայանի կառուցմանը. այլ ելք չկա՞
Որեւէ բնապահպան չի կարող ընդունել ատոմային էներգետիկան, սակայն Հայաստանը ցավոք այլ ելք չունի. նշում է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ «Ռիսկերը շատ բարձր են, թափոնների խնդիրը շատ լուրջ է, բայց ուրիշ ելք չունենք, եւ մենք էլ ուզում ենք, որ նոր ատոմակայանը կառուցվի։ Զուգահեռ պետք է զարգացնել այլընտրանքային էներգետիկան։ Իսկ ներուժը հենց արեգակնային էներգիան է, որի պահանջարկը ունի մեր երկիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը։ Ասուլիսի մյուս բանախոսը՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, այլընտրանքային էներգետիկայի ստացման եղանակները հեքիաթի ոլորտից է համարում. «Իմաստունն ասում է, մկան մեզը թող լինի, միշտ էլ օգուտ է, բայց մենք ջրաղացը կորցրել ենք, չկա այլեւս։ Դա պետք է վերականգնենք»։ Արմեն Պողոսյանը հիշեցնում է, որ առանց էներգիայի չի կարելի տնտեսություն զարգացնել։ Նրա խոսքերով՝ բոլոր երկրներում էլ արեւ կա, բայց ոչ մի երկիր այն չի օգտագործում։ Մենք պետք է մտածենք միայն ատոմային էներգետիկայի զարգացման մասին։ «Պետք է ատոմակայանի զարգացման ուղղությամբ մտածել, նոր էներգաբլոկ կառուցել, այլ ոչ թե անընդհատ Ռուսաստանից վարկ վերցնել եւ հները կարկատել»,- եզրափակեց Արմեն Պողոսյանը։