Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետապնդե՞լ են Ժ. Սէֆիլյանին. ոստիկանությունը տեղեկություն չունի

Քաղաքականություն
sefilyan

Որեւէ հրահանգ չի եղել` հետապնդելու Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը` անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի այն հայտարարությանը, թե ոստիկանական և քաղաքացիական հագուստով մարդիկ հետևում են Ժիրայր Սէֆիլյանին։ «Ինչի՞ց են ենթադրել, թե ոստիկաններ են քաղաքացիական հագուստով: Ոստիկանությունն իր գործառույթներն է իրականացնում: Նման տեղեկատվություն չունենք: Ես չեմ կարող մեկնաբանել նրանց հայտարարությունը»,- ավելացրեց Արմեն Մալխասյանը: Հիմնադիր խորհրդարանի քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հունիսի 28-ին, երբ Բաղրամյան պողոտայում իրավիճակը խիստ լարված էր և կար վտանգ, որ ոստիկանությունն իրեն բնորոշ ապօրինի և ուժային եղանակով բռնություն կկիրառի խաղաղ ցուցարարների նկատմամբ, ոստիկանության ղեկավարները և ռեժիմին ենթակա քարոզչամեքենան լրատվամիջոցներով, սոցիալական ցանցերում և առանձին անհատների միջոցով լուրեր էին տարածում, որ Ժ. Սէֆիլյանը սադրիչ է և նա է կազմակերպել Բաղրամյանի հավաքը քաղաքական շահաբաժին ստանալու համար: Եվ այդ ամենն արվում էր այն նպատակով, որպեսզի ոստիկանության բռնությունների հավանական զոհերի համար մարդիկ մեղադրեին Ժ. Սէֆիլյանին: Բացի այդ՝ վերջին շրջանում ոստիկանական և քաղաքացիական հագուստով մարդիկ ավտոմեքենաներով և հետիոտն ամենուրեք հետևում են Ժ. Սէֆիլյանին, նրա տեղաշարժի մասին զեկուցում հեռախոսներով, իսկ երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով անհայտ անձինք մի քանի ավտոմեքենաներով հետապնդել են նրան և ամբողջ գիշեր հերթապահել նրա բնակարանի շրջակայքում»: