Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանության գործողությունները թելադրվում են Սերժ Սարգսյանի կողմից» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
I-_wGHlayDc

Ոստիկանության բռնի գործողությունները հունիսի 23-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ խաղաղ նստացույցի մասնակիցների նկատմամբ անհամաչափ են,- համոզված է ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը. «Ոստիկանները պետք է իրացնեին իրենց պրոֆեսիոնալ պարտականությունները, այլ ոչ թե խոչընդոտեին լրագրողների աշխատանքը, այդ թվում` մեր այն քաղաքացիներին, որոնք իրացնում ենք իրենց քաղաքացիական իրավունքը»: Ոստիկանությունը 10 րոպե ժամանակ տալուց հետո ջրցան մեքենաներով, քաղաքացիական հագուստով եւ համազգեստավոր ոստիկանները սկսեցին Բաղրամյան պողոտան ազատել ցուցարարներից, հետապնդել մինչեւ Ազատության հրապարակ, ապա` բերման ենթարկել: Տուժեցին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, տեխնիկա. «Իշխանությունն ինքն իր վարկանիշից ելնելով, չպետք է գնար նմանատիպ գործողությունների, իսկ այս բոլորի պատճառը ակնհայտորեն նա է, որ մեր հասարակության համար համոզիչ չէին այն բոլոր փաստարկները, որոնք ներկայացվեցին ՀԾԿՀ-ում»: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը կատարվածի մասին ասում է. «Մինչեւ մի որոշակի ժամ ոստիկանությունը բավականին իրեն կոռեկտ էր պահում, եւ այն, ինչ կատարվեց, այլեւս Սարյան փողոցից այն կողմ, ես կարծում եմ, որ դա արդեն անհամաչափ ուժի կիրառում էր, երբ պողոտան ազատված էր, մարդիկ դուրս էին եկել Բաղրամյան պողոտայից»: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանի համոզմամբ` ոստիկանության գործողությունները թելադրվում են Սերժ Սարգսյանի կողմից. «Մեկ է` մի օր սա տրաքելու է, նման բան երկար չի կարող տեւել, քանի որ այս իշխանություններն իրենց հիմնական գիծը, ուղին, նպատակը եղել է ոչ թե հարցի հետեւանքների մասին մտածել, որ նման բաներ չլինեն, որ ժողովուրդը չըմբոստանա, այլ իրենք ուժային ձեւով հարցին լուծում են տալիս, իբր մեր դեմ խաղ չկա: Բայց մի օր իրենք կտեսնեն, թե իրենց դեմ ինչ ձեւի խաղ կա: Այ սա ապացույց է, զարթոնք է երիտասարդության, որով ես հպարտանում եմ»: Ոստիկանությունն այդ օրը տարածած իր հայտարարության մեջ նշել էր, որ բանակցությունները եւ համոզման աշխատանքները արդյունքի չեն հանգեցրել կազմակերպիչների հակազդեցության պատճառով, եւ արդյունքում հավաքը ցրելու համար ուժ է կիրառվել. «էն սպունգը գիտես ինչ է, գուպկա, որ դա սեղմում ես, բայց որ թողնում ես, կբացվի, թող հասկանան, որ նման բան կա, սպունգի պես այս երիտասարդությունը բացվում է, ու իր հետեւանքները կթողնի իրենց վրա: Հետեւանք մի ձեւի կա` իշխանափոխություն»: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները միահամուռ գտնում են, որ իրենց բոլորի պարտքն է լինել ակցիայի մասնակիցների կողքին եւ միաժամանակ չմիջամտել նրանց ոչ մարտավարությանը, ոչ ռազմավարությանը: