Կոմունիստները եւս կգնան Բաղրամյան 26
Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Տաճատ Սարգսյանը մասնակցելու է այսօր Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հրավիրված ակցիային եւ դրան հաջորդող երթին՝ դեպի Բաղրամյան 26։ «Լինելու ենք իրենց հետ, մեզ կարող եք տեսնել այդ շարքերում։ Ոնց կարող ենք չլինել, կոմունիստները նաեւ հայ մարդիկ են, որոնք այսօր ծանր սոցիալական վիճակի մեջ են։ Ի՞նչ է նշանակում այսօրվա վիճակով էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել, դա նշանակում է քայքայված տնտեսությունը ավելի քայքայել, սոցիալական պայմանները ավելի վատացնել։ Այսօր ընտանիքներ կան՝ հացի գումար չունեն, իսկ թանկացումը կբերի շղթայական տնտեսության քայքայմանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Տաճատ Սարգսյանը։ Նրա խոսքերով՝ բոլորն անխտիր պետք է պայքարեն էլեկտրաէներգիայի թանկացման դեմ։ Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացրել է 6,93 դրամով։ Օգոստոսի 1-ից որոշումը կմտնի ուժի մեջ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն իր ներկայացրած հայտով պահանջել էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17 դրամով։