Ի՞նչ եղավ Արաքս գետից վերցված ավազը (տեսանյութ)
ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության՝ չորրորդ հերթի, նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների ներդրումային վարկի մասին» նախագծի քննարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանից հետաքրքրվեց՝ արդյոք Արաքս գետի հունից հանվող մեծածավալ ավազն օգտագործվե՞լ է ճանապարհի կառուցման համար. «Բանն այն է, որ կան կարծիքներ, որ դրա արդյունքում փոփոխվել է գետի հունը ու բացասական այլ ազդեցություններ են եղել»: Բացի այդ, տիկին Բիշարյանը հետաքրքրվեց ճանապարհի որոշ հատվածների որակից: Փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ կա պայմանագիր, եւ կան մաթեմատիկական հաշվարկներ. «Պետք է սպասել այդ ցուցանիշների հրապարակմանը եւ գնահատականներին. «Ինչ վերաբերում է Վերահսկի պալատի ուսումնասիրություններին, որոնց մասին այսօր կրկին բարձրաձայնվեց պատգամավորների կողմից, դրանց մենք շատ ենք անդրադարձել, բոլոր անհամապատասխանությունները տառի ճշտությամբ արձանագրված են եղել: Մեր ինժեներական թիմը մինչ ՎՊ ուսումնասիրությունը, նույն գնահատականներն է տվել ավելի շուտ: Օրինակ՝ թե ՎՊ ուսումնասիրության, թե մեր ինժեներների կողմից արձանագրվել է, որ ճանապարհի հիմքում օգտագործված խճի խոնավությունը չի համապատասխանում պայմանագրում նշված ցուցանիշներին: Դրա դիմաց չի վճարված ոչ մի լումա, իսկ շտկվելուց հետո վճարվել են»: Ինչ վերաբերում է Արաքսից վերցված ավազին, ապա փոխնախարարը տեղյակ չէր խնդրից. «Կարծես թե դա բնապահպանական խնդիր է եւ կարծես թե մեր ճանապարհի համար չի օգտագործվել: Սակայն դեռ կճշտեմ, կասեմ»: