Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այսպիսի ջերմ ելույթներ որ ամեն անգամ ունենաք, բոլոր վարկերը գրանտներ կդառնան»

Քաղաքականություն
մարգո

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկեց ՀՀ եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2015թ. ապրիլի ութին ստորագրված «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը: ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ելույթում, անդրադառնալով արդեն հնչած ելույթներին, որոնց ժամանակ հիմնականում կարծիք հայտնվեց, որ պետք չէ վարկ վերցնել, նշեց. «Հազիվ եմ ինձ զսպում, որ շեքսպիրյան խոսքերը չմեջբերեմ, բայց դե անցնեմ բուն թեմային: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա թվերից էլի շատ բան չեմ հասկանում, բայց ուզում եմ վարկ բառի հետ կապված բառարանային մի ճշմարտություն ասել՝ այն ոչ միայն նշանակում է գումար վերցնել, այլ տվյալ քաղաքական ուժի հեղինակություն»: Ըստ նրա՝ միջազգային կառույցները ՀՀ-ն համարում են վստահելի պետություն, որն անցնում է զարգացման ճանապարհ եւ ձգտում հաղթահարել աղքատությունը: Եւ այդ պատճառով, ըստ նրա, մտահոգվելու առիթ չունենք՝ վարկ վերցնելով: Ի դեպ, վարկային ծրագրով նախատեսվում է երեսուն մլն դոլար վարկ: Նրա ելույթն այնքան էր դուր եկել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որ նա ժպտալով հայտարարեց. «Այսպիսի ջերմ ելույթներ որ ամեն անգամ ունենաք, բոլոր վարկերը գրանտներ կդառնան»: Իսկ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, ներկայացնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունները, նշեց, որ թվային հեռարձակման անցումը այս տարվա հուլիսի մեկից կերկարաձգվի մինչեւ հաջորդ տարվա հունվարի 16. «Հիմնական պատճառը սոցիալական բաղադրիչն է՝ պետության կողմից անապահով խավին թվային ազդանշանի ընդունիչների տրամադրումը. մրցույթ տեղի չէր ունեցել այդ սարքերի համար: Ի դեպ, թվային ազդանշանի համակարգի կառուցման բոլոր աշխատանքները ավարտվել են: Թվային ազդանշանը անալոգայինին զուգահեռ 98.8 տոկոսով հասանելի են ՀՀ գրեթե բոլոր մարզերում»: Ի դեպ, այսօր նախորդ օրերին քննարկված օրինագծերի քննարկմանը միմյանց փոխարեն քվեարկեցին ԲՀԿ պատգամավորները՝ Հարություն Ղարագյոզյանը եւ Աբրահամ Մանուկյանը: