Լեւոն Արոնյանը չհանձնեց տոպալովյան քննությունը
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր լուրջ փորձություն էր սպասվում Նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում: Բանն այն է, որ նա 4-րդ տուրում սեւերով հանդիպեց աշխարհի նախկին չեմպիոն Վեսելին Տոպալովի հետ: Բուլղարացի գրոսմայստերի հետ պարտիաները միշտ էլ լարված բնույթ են կրում, քանի որ նա բոլոր հանդիպումներում համառություն է ցուցաբերում եւ սիրում է պայքարել մինչեւ վերջին զինվորը: Այս մրցավեճը բացառություն չկազմեց: Վեսելին Տոպալովը առաջին քայլից սկսած անընդհատ ճնշում էր գործադրում սեւերի թիկունքին: Լեւոն Արոնյանը երկար ժամանակ հաջողությամբ պաշտպանվում էր, սակայն 41-րդ քայլին նա որակ կորցրեց: Վեսելին Տոպալովն աստիճանաբար դիրքային առավելություն ստացավ, որն ի վերջո վերածեց նյութականի: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ կրկին նահանջեց: Այժմ նա մեկ միավորով բաժանում է 8-9-րդ տեղերը: Ուշագրավն այն է, որ աղյուսակը եզրափակում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով այսօր երրորդ անգամ պարտվեց՝ զիջելով Վիշվանաթան Անանդին: