Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ. «2018-ի նախագահի ընտրությունները չեն լինի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
karyak

Քաղաքական ուժերը պատրաստ չեն բացել Սերժ Սարգսյանի հետ երկու օր առաջ տեղի ունեցած հանդիպման մանրամասները սահմանադրական փոփոխությունների առիթով։ Սակայն Սերժ Սարգսյանի վերարտադրման մասին խոսք չի եղել. ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ համենայնդեպս, նման քննարկում չի եղել եւ նման հարց չի բարձրացվել։ 9 քաղաքական ուժի Սերժ Սարգսյանը հրավիրել էր Բաղրամյան 26։ Ընդդիմադիր ԲՀԿ-ն, որը մի քանի ամիս առաջ հայտարարել էր բովանդակային քննարկման մեջ չմտնելու մասին, պատրաստ է ներկայացնել առաջարկություններ։ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասում է. «Այո, մենք նախկինում ասում էինք, որ պատրաստ չենք բովանդակային քննարկման մեջ մտնել, բայց գիտե՞ք ինչ կա՝ խմբակցությունում, կուսակցությունում հարցը քննարկվել է, քննարկվել է նաեւ Վենետիկի հանձնաժողովի համազեկուցողների դիտարկումը, որ եթե հիմնական ընդդիմադիր ուժը չի մասնակցում դա կարող է չընկալվել, այսինքն, ընկալվի օտարում քաղաքական պրոցեսներից»։ Սակայն ԲՀԿ-ն խորհրդարանական մոդելից զատ բարեփոխումների հայեցակարգի այլ թեմաների մասին պատրաստ է առաջարկություններ ներկայացնել միայն մեկ դեպքում. «Եթե իրենք հայտարարեն, որ 100 տոկոսանոց համամասնականին անցումը արձանագրվելու է, մեզ համար դա կարեւոր ազդակ կլինի, որպեսզի մենք այդ մի երկու գլուխների վերաբերյալ՝ մարդու իրավունքների եւ արդարադատության, ներկայացնենք առաջարկություններ»։ Խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու դեպքում Գերագույն գլխավոր հրամանատար ունենալու համար ուսումնասիրվում է Իսրայելի եւ Գերմանիայի փորձը։ Դաշնակցությունը բացում է բազմաթիվ փակագծեր։ Ըստ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի՝ «Ըստ էության կառավարությունն ինքը կոլեգիալ առումով դառնում է այն մարմինը, որը ոչ պատերազմական իրավիճակում իրականացնում է լիարժեք ղեկավարումը զինված ուժերի։ Գերմանիայի փորձն է դա. մեկ ղեկավար է լինում, որովհետեւ մեկը պետք է լինի, դա վարչապետն է, իսկ պատերազմի հայտարարումը կատարում է Ազգային Ժողովը»։ 2018-ի նախագահի ընտրությունները չեն լինի,-ասում է Արմեն Ռուստամյանը։ Վերջինս ընդունում է, որ խորհրդարանական կառավարման մոդելի դեպքում ավելի հաճախ է երկիրը մատնվում քաղաքական ճգնաժամի, Իտալիայում օրինակ 50 տարվա ընթացքում 60 կառավարություն է փոխվել, որովհետեւ քաղաքական ոչ մի ուժ մեծամասնություն չի վերցրել. «Խոսքը գնալու է նրա մասին, որ ձեւավորվի շատ տրամաբանական ձեւով ժողովրդի համար հասկանալի, թափանցիկ եղանակով մեծամասնություն եւ էդ մեծամասնության ձեւավորման մեխանիզմները հստակ երեւան։ Այսինքն, մենք ամեն ինչ անենք, որ մեծամասնության ձեւավորումը դառնա նույնպես ժողովրդավարական եղանակով»։ Փոփոխությունները գործողության մեջ կդրվեն արդեն 2017-ի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի նոր խորհրդարանն արդեն ունենա նոր կարգավիճակ։ Ազգային Ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը սպասվում է արդեն աշնանը։