Երեւանը՝ օդային շրջափակման մե՞ջ (տեսանյութ)
Հուլիսի 1-ից վեց ամսով «LOT լեհական ավիաուղիներ»-ը դադարեցնում է դեպի Երեւան չվերթները։ Թե որն է պատճառը՝ ընկերության երեւանյան գրասենյակում տեղյակ չեն` պարզապես նշում են, որ սա թռիչքների ժամանակավոր դադարեցման առաջին դեպքը չէ։ Սեպտեմբերից Երեւան թռիչքներ չի իրականացնի նաեւ «Էթի Հատ» արաբական ընկերությունը։ Մի քանի այլ երկրների ավիաուղիների ներկայացուցիչներ Երեւանից չվերթները դադարեցրել են ավելի վաղ։ «ԱլԻտալիա» ընկերությունը Երեւանում չի գործում արդեն մի քանի ամիս։ Չեխական ավիաուղիները չի դադարեցրել իր գործունեությունը՝ պարզապես Երեւան- Պրահա ուղիղ չվերթը չի գործում։ Այս դեպքում արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն չվերթների վերաբացման վերաբերյալ։ Վերջերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս հարցով զրուցել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի հետ ու համաձայնություն ձեռք բերել։ Բայց ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չկա։ Մտահոգություն կա, թե նույն ճակատագիրն է սպասվում նաեւ մյուս եվրոպական ավիաընկերություններին՝ «Աէրոֆլոտ» ընկերության մենաշնորհը Հայաստանում ամրապնդելու համար։ Ավստրիական ու Ֆրանսիական ավիաուղիների գրասենյակներից, սակայն, վստահեցրին՝ իրենց մոտ ոչ մի փոփոխություն տեղի չի ունենալու։ Վերջին ամիսներին հիմնականում պահանջարկ ունեն ուկրաինական ավիաուղինների, ռուսական «Աէրոֆլոտ»-ի, «Տրանսավիայի» ու «Սիբիր ավիայի» առաջարկները։ Թեեւ «Ավստրիական ավիաուղիների» առաջարկած գները համեմատաբար ավելի թանկ են, բայց սպառողների մի հատված նախընտրում է միայն այդ տարբերակով թռչել։ Իսկ ֆրանսիական ավիաուղիների տոմսերն ամենաթանկն են։ Հիշեցնենք, որ «Արմավիայի» սնանկացումից հետո ազգային ավիափոխադրողի տեղը մնում է թափուր։ Այդ տեղում հայտնվելու ամենամեծ շանսերը ուներ «Էյր Արմենիան», սակայն այն դադարեցրեց իր չվերթները 2014-ի նոյեմբերից՝ խոստանալով վերսկսել մարտին։ Նույնիսկ բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելուց հետո այդպես էլ մինչեւ այսօր չի վերսկսել իր չվերթները։