Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրանք դեմ են այսօրվա իշխանությանը, իսկ իշխանությունն անցողիկ է»

Քաղաքականություն
qaxbantarkjyal-nkar

Հունիսի 13-ին լրացավ խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Մերուժան Հովհաննիսյանի 75- ամյակը։ Շուրջ 20 տարի խորհրդային բանտերում անցկացրած և 30-ից ավելի գրքերի հեղինակ հրապարակախոսը սահմանում է «քաղբանտարկյալ» հասկացությունը։ «Քաղբանտարկյալ նշանակում է քաղաքական մտքի պատճառով տառապանք, զրկանք կրող մարդ։ Այլ հասկացություն է «բռնադատված» հասկացությունը, որը տեղին կամ անտեղի բանտարկված մարդն է»,- նշում է պարոն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ իրեն դատապարտել են «այն օրերի ճիշտ օրենքով», քանի որ խախտել է Խորհրդային Միության կողմից սահմանած օրենքը։ «Այն օրենքին դեմ եմ եղել ես՝ վարելով հակասովետական ագիտացիա և պրոպագանդա, ես թշնամանք եմ տածել նրանց նկատմամբ, ովքեր իշխանության են եղել, այսինքն՝ խորհրդային իշխանության դեմ։ Ես քաղմտածող մարդ էի, ուստի քաղբանտարկյալ էի»,- նշում է նա։ «Ա1+»-ի հարցին՝ ինքն արդյո՞ք համարում է, որ այսօր Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ «Այդ մարդկանց կատարածը բացարձակապես կապ չունի հանցավոր արարքի հետ։ Երբ երկրում Սահմանադրորեն կա խոսքի ու խղճի ազատություն, բանական անձը խղճի թելադրանքով արտահայտում է իր կամքը, ինչո՞վ է նա խոչընդոտում պետության գոյությանը»,-ասում է նա։ Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ այդ մարդիկ չեն ցանկանում պետությունը տապալել։ «Սա իրենց հայրենիքն ու պետությունն է... նրանք դեմ են այսօրվա իշխանությանը, իսկ իշխանությունը անցողիկ է»,- կարծում է խորհրդային քաղբանտարկյալը։