Ա. Ադիբեկյանը խորհուրդ է տալիս՝ ինչպես խնայել էլեկտրաէներգիան
Էլեկտրաէներգիայի թանկացման արդյունքում գյուղմթերքը չպետք է թանկանա, քանի որ այն հոսանքով չի պատրաստվում։ Չրեղենի գինը նույնպես չպետք է բարձրանա, եթե, իհարկե, հատուկ սարքավորումներով չի պատրաստվում։ Այս հարցում վստահ է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Փոխարենը կարող է թանկանալ կաթնամթերքը, քանի որ օրինակ կաթից յոգուրտ ստանալու համար Էլէներգիա է օգտագործվում։ «Գյուղերում, ընդհանրապես, ավելի քիչ են էլեկտրաէներգիա սպառում, քան քաղաքում։ Գյուղում հարվածը հիմնականում կգնա ուսուցիչների, պետական դաշտում աշխատող մարդկանց վրա, քանի որ նրանք կարիք ունեն տանը համակարգչով աշխատելու, հեռուստացույց դիտելու»,-կարծում է սոցիոլոգը։ Մայրաքաղաքի բնակիչների համար կբարձրանա լավաշի գինը, քանի որ փռերում այն հիմնականում պատրաստում են հոսանքով։ Սոցիոլոգը գիտի, որ շատ երկրներում, մասնավորապես Գերմանիայում մարդիկ քիչ են էլէներգիա սպառում։ Ասում է՝ այնտեղ երեկոյան 9-ին պառկում են քնելու, 6-ին՝ արթնանում, և էլեկտրական լույս միացնելու կարիք չունեն։ «Մեզ մոտ էլ մութն ուշ է ընկնում, կարող ենք խնայել։ Մենք պետք է սովորենք այդպես ապրել»,-շեշտեց նա։ Մյուս կողմից կարծում է, որ երկրում պետք է զարգացնենք այլ աղբյուրներից էլէներգիա ստանալու աշխատանքը։ Թե որքան գումար է վճարում էլ.էներգիայի սպառման համար, պարոն Ադիբեկյանը նշեց. «Ձմռանը ամսական 15.000 դրամ, ամռանը՝ 7000»։ Գիտի, որ այսուհետ ավելի շատ է վճարելու, բայց միևնույն է, մտածում է, որ կարող է խնայել։