«Հաջորդ ընտրություններին ոչ մի բակ չեք կարող գնալ». Բախշյանը՝ քաղաքապետին (տեսանյութ)
Կոմիտաս 5 հասցեում կառուցվող շենքի բարձրությունը չպետք է գերազանցի 24 մետրը, սակայն քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ըստ բնակիչների, լրացուցիչ թույլտվություն է տվել՝ շենքի բարձրությունը եւս 4 մետրով ավելացնելու համար։ Քաղաքապետարանի մոտ հավաքված բնակիչներին հանդիպեց խնդրով զբաղվող Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը՝ քաղաքապետարանի գործելաոճը համարելով ստախոսություն։ Նա դիմեց նաեւ Տարոն Մարգարյանին. «Իսկապես ցավում եմ ձեզ համար, բայց հաջորդ ընտրություններին դուք ոչ մի բակ չեք կարողանալու գնալ եւ ասել, ժողովուրդ ես իմ ծրագիրը կատարել եմ։ Ամեն տեղ հողի սեփականաշնորհում, այգի եւ այլն, խորապես տապալվել եք», - ասաց նա։ Բնակիչների խոսքերով՝ իրենք հույս էին ունեցել, որ շենքի կառուցումն ավարտվում է, սակայն այսօր կանգնում են խնդրի առաջ՝ զրկվելով արեւի լույսից։ «Այս երկրում ապրում ենք, մեր խոսքը հաշվի առնող չպետք է լինի»,-ասում է Գալյա Ուստիյանը։ Ըստ բնակիչների՝ իրենք կառուցապատողին ընդհանրապես չեն տեսել։ Իսկ ոստիկանության բռնություններով եւ սեփական ժողովրդից կառուցապատողին պաշտպանելու տխրահռչակ գործողություններով սկսված շինարարությունն իրականացվել եւ իրականացվում է ՀՀ շինարարական, տեխնիկական եւ այլ նորմերի կոպիտ խախտումներով։ Հիշեցնենք, որ այս շենքի կառուցման ժամանակ բազմաթիվ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Ակցիաների ժամանակ ձերբակալվեց եւ այնուհետեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղավոր ճանաչվեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Լուսանկարը՝ hetq.am-ի