«Հովիկ Աբրահամյանի եկեղեցու կառուցում, ամուսնություններ, մկրտումներ՝ սպառողի հաշվին»
ԱԺ-ում այսօր «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով անցկացվող խորհրդարանական լսումներին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, դիմելով ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին, ասաց. «Ես շոուների կողմնակից չեմ, մենք լուծումներ պետք է գտնենք»: Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք Նոստրադամուսը չեն, որ կանխատեսեն սակագները, դրա համար պետք է իրատեսական հաշվեկշիռ կազմել: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ սակագնի վրա արտացոլվելու է միայն 37 մլրդ դրամ պարտքը. «Իմ առաջարկած լուծումը սա է, եթե դուք այլ բան ունեք առաջարկելու, ասեք»: Երբ Վարդան Այվազյանը պետք է ձայն տար մեկ ուրիշ պատգամավորի՝ հարց ուղղելու համար, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իր հերթն է, իսկ Վարդան Այվազյանը խախտում է հերթականությունը: Փոքր բանավեճից հետո Վարդան Այվազյանը նրան հարց ուղղելու իրավունք տվեց: «Ես իմ հերթը ոչ մեկին չեմ զիջի. ամենաառաջինն իմ անունն է գրված, հո օդից չեմ ասում»,- հայտարարեց Արամ Մանուկյանը՝ եւս մեկ անգամ Վարդան Այվազյանին հիշեցնելով, որ իր հետ դուք-ով խոսի: «Պարոն դուք, էդ քո թերթում է գրված, որ առաջինն ես»,- հայտարարեց Վարդան Այվազյանը: Արամ Մանուկյանի հարցը վերաբերում էր ՀԷՑ-ի կողմից իրականացրած բարեգործություններին. «Ի՞նչ բարեգործություններ է արել ՀԷՑ-ը: Սա բեռ է, ծախս է, որ բոլոր սպառողների հաշվին է արվել, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի եկեղեցու կառուցում, մանկատների ամուսնություններ, մկրտումներ: Ո՞վ է թույլ տվել, որ ՀԷՑ-ը յոթ եկեղեցի վերանորոգի, ո՞վ է դիմել այս բարեգործություններն անելու համար: Ես օրինակ չունեմ, որ բնակչությունը չմուծի էլեկտրաէներգիայի սակագինը, որ ասում եք՝ միայն երեք մլրդ դրամ պարտքը դրանից է կազմվել»: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ այդ բարեգործություններն, ի վերջո, մեր երկրում են արել. «Ինչի համար է արել, չգիտեմ, չի հետաքրքրում ու չեմ էլ ուզում իմանալ»: