Առաջարկվում է մերժել ՀԷՑ-ի հայտը. Բիբինը չի եկել ԱԺ
ԱԺ նիստերի դահլիճում այսօր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը անցկացնում է խորհրդարանական լսումներ՝ «Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հիմնավորվածության վերաբերյալ» թեմայով: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը չի եկել լսումներին «ինչ-ինչ պատճառներով»: Լսումներին ներկա չեն նաեւ քաղաքացիական ակտիվիստներ, որոնք վերջին շրջանում ակտիվ բողոքի ակցիաներ ու իրազեկում էին անցկացնում՝ տեղեկացնելով էլեկտրաէներգիայի շուրջ 17 դրամ թանկացման մասին: Դահլիճը կիսադատարկ է: Ներկա են մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Վերջինս իր ելույթում վստահեցրեց, որ ՀԷՑ-ի սակագնի մեջ չի մտնելու մամուլում շրջանառվող շքեղ ավտոմեքենաների, հողատարածքների եւ այլ ավելորդ ծախսեր: Արդյունքում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 6,93 դրամով: Նա անդրադարձավ նաեւ Բիբինի վերջին հարցազրույցին, որտեղ նա խոսել էր իրենց կորուստների, աշխատավարձերի, շահույթների մասին: Պարոն նազարյանը նշեց, որ ՀԷՑ-ը խախտել է մեր իրավական ակտերը՝ վերցնելով կարճաժամկետ վարկեր: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Եվգենի Բիբինի բացակայությունը անհարգալից վերաբերմունք համարեց թե հայ հասարակության, թե ԱԺ նկատմամբ: Տիկին Զոհրաբյանը նաեւ նշեց, որ իրենք առաջարկություններ էին ներկայացրել. «Բացի այդ, ուզում եմ իմանալ՝ արդյոք կա՞ն հնարավորություն սակագնի իջեցման»: Ի պատասխան Ռոբերտ Նազարյանը նշեց. «Եթե Միքայել Մելքումյանը ԲՀԿ անդամ չէ, ես ներողություն եմ խնդրում. Նա մեզ առաջարկություններ է ներկայացրել, մենք ընդունել ենք: Իսկ սակագինը չբարձրացնելու համար պետք է վարկ վերցնենք»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց մերժել ՀԷՑ-ի հայտը եւ մանրամասն քննարկենք առկա վիճակը: «Պարոն Մինասյան, մերժելու ձեւն ասացի, որ պետք է գտնենք մի տարբերակ, որ էներգետիկ համակարգի շարունակականությունն ապահովենք: Քանի դեռ չկա այլընտրանքային տարբերակ, ես ինձ վրա նման պատասխանատվություն չեմ վերցնի, որ մերժեմ ՀԷՑ-ի հայտը»: