Փոխվարչապետ. «Սամվել Ալեքսանյանը միշտ եղել է հաջողակ» (տեսանյութ)
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը գիտի, թե երբ է լավ ապրելու հայ ժողովուրդը. «Երբ որ ձեր գնահատականը փոխվի լավ ապրելու վերաբերյալ»։ Պարոն Գաբրիելյանը նաեւ այն մարդն է, ով գիտի, թե ինչու անկախությունից ի վեր Հայաստանում հարստանում են միշտ նույն մարդիկ՝ Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Ալեքսանդր Սարգսյանը եւ միշտ իշխանության մեջ գտնվող այլոք. «Ունակությունների խնդիր է։ -Սամվել Ալեքսանյանն ավելի մեծ ունակություններ ունի՞։ -Ինձնից այո, ձեզնից՝ կասկածում եմ։ -Դուք նրա ինտելեկտին ծանո՞թ եք։ -Բնականաբար նա ԱԺ պատգամավոր է եւ աշխատում է ձեր անմիջական հայացքի ներքո»,-ասում է փոխվարչապետը։ Փոխարենը նա չի կարող գնահատել Ալեքսանդր Սարգսյանի ինտելեկտուալ հնարավորությունները. «Ալեքսանդր Սարգսյա՞նը։ Ճիշտն ասած, իր բիզնես գործառույթների մասին ես քիչ տեղեկացվածություն ունեմ եւ չեմ կարող ավելին ասել»։ Սակայն բոլոր այս մարդիկ կլինեի՞ն հաջողակ, եթե չվայելեին Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությունը. «Սամվել Ալեքսանյանը միշտ եղել է հաջողակ ոչ միայն այս նախագահի օրոք»,-կարծում է Վաչե Գաբրիելյանը։ Փոխվարչապետին ծանոթ էին Սամվել Ալեքսանյանի բիզնեսի աջակցությանն ուղղված Սերժ Սարգսյանի մտքերը, ըստ որոնց այս փոքր երկրում 10 հոգի չեն կարող շաքար ներկրել։ Ներկրել կարող են բոլորը. «Ամբողջ հարցն այլ է՝ կա՞ արդեն մեծ ներկրող, որի նկատմամբ ուրիշներն ունեն առավելության պակաս, թե չկա։ Եթե այդպես է, ապա տնտեսապես դա դժվար է դարձնում»։ Ի դեպ, փոխվարչապետն այսօր խոսել է նաեւ Հայաստանի արտաքին պարտքի ծավալներից։ Դրանք մոտենում են 48 տոկոս, 5 միլիարդ դոլարի չափով։ Դա վտանգավոր չէ. «Երկրներ կան՝ 110, 120, 200 տոկոս արտաքին պարտք ունեն։ -Կա՞ն երկրներ, որոնք մտադիր են մեր պարտքը ներել։ -Չէ, բայց ինչի՞ համար ներեն, ի՞նչն ա խնդիրը»։ Մաքսային Միության մեր գործընկեր ռուսներն օրինակ, ներեցին ոչ Մաքսային միության անդամ Կուբայի արտաքին պարտքի իրենց մասը։ Ինչու՞ դա չանել մեր դեպքում. «Դրա վերաբերյալ, հարկ է հարցնել երկու մարդու՝ մեկը Ֆիդել Կաստրոյին, մյուսը Վլադիմիր Պուտինին։ Որի՞ն կնախընտրեիք դիմել»։