«Մեր պահանջը ուղղված է Աբրահամյան Հովիկին ու Սարգսյան Սերժին» (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ Սպասվում է, որ այդ օրը ՀԾԿՀ-ն կհայտարարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին։ Ինչպիսի՞ գործողությունների են պատրաստվում դիմել թանկացման դեմ պայքարող ակտիվիստները, եթե թանկացման մասին հայտարարվի մինչև հունիսի 19-ի հանրահավաքը։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշում է, որ իրենք Ռոբերտ Նազարյանից ու «նրա հանձնաժողովից» պահանջելու ոչինչ չունեն։ «Մեր պահանջը ուղղված է Աբրահամյան Հովիկին ու Սարգսյան Սերժին։ Մենք 7 դրամի խայծը կուլ չենք տալու ու չենք պատրաստվում հետ կանգնել մեր պայքարից։ Անկախ նրանից, թե թանկացման մասին ո՞ր օրը կհայտարարվի, գլխավոր միջոցառումը տեղի կունենա հունիսի 19-ին»,- նշում է նա։ Ակտիվիստը համոզված է, որ առաջիկա հանրահավաքը բազմամարդ է լինելու։ «Թանկացման դեմ իրականացվելիք միջոցառումների մասին իրազեկման գործողությունները այս պահին էլ ընթացքի մեջ են. Սիսիանում, Գյումրիում, այլ քաղաքներում տեղի են ունենում իրազեկման միջոցառումներ։ Օհանավան գյուղի բնակիչները, ովքեր վերջերս ճանապարհ էին փակել՝ իրենց բողոքն այդ կերպ արտահայտելով, հայտարարել են Երևան գալու մտադրության մասին»,- ասում է Սարգսյանը։ Ըստ նրա՝ իրենք պատրաստ են համատեղ պայքար ծավալել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ. «Ի սկզբանե մենք հայտարարել ենք, որ որևէ սահմանափակում չկա և պատրաստ ենք բոլոր պատրաստակամ քաղաքացիների հետ կողք կողքի կանքնել ու պայքարել»,- նշում է ակտիվիստը։ Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով թանկացնելու առաջարկությամբ։ «Ոչ թալանին» նախաձեռնությունը նախատեսում է հանրահավաք կազմակերպել թանկացման դեմ, որը տեղի կունենա հունիսի 19-ին, ժամը 18։30-ին Ազատության հրապարակում։