«Խորհուրդ են տվել պարոն Փաշինյանին՝ Գագիկ Ծառուկյանի մասին չխոսել»
ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանից հետաքրքրվեց սահմանամերձ գյուղերին տրվող օժանդակության մասին։ «186 սահմանամերձ գյուղ կա, որոնցից 32-ը հատուկ կարգավիճակ ունեն։ Անձամբ եղել եմ 30-ից ավելի գյուղերում, որտեղ մշտապես կրակոցներ են լինում։ Այնտեղ խնդիրները հիմնականում կապված են կենցաղի, խմելու, ոռոգման ջրի, ասֆալտապատման հետ։ Ընդհանուր առմամբ, նաև մարզպետներն են լուրջ աշխատանք տանում»,-նշեց պարոն Երիցյանը։ Նա ընդգծեց, որ աշխատանքները շարունակվելու են՝ սահմանապահ գյուղերում շտապ օգնության, հրշեջ, ինչպես նաև՝ 911 ծառայության բարելավման ուղղությամբ։ Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը հարց ուղղելու իր հերթին նախ անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ մոտ մեկ ժամ առաջ նույն դահլիճում հնչեցրած հարցին, որը վերաբերում էր ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին։ «Գործընկերներս խորհուրդ են տվել պարոն Փաշինյանին՝ պատեհ-անպատեհ Գագիկ Ծառուկյանի մասին չխոսել, փոխարենը թող զբաղվի իր գործով։ Խորհուրդ կտայի լսել այն արձագանքները, որ իր շուրջ են, և ինքը զբաղվի ազգափրկիչ իր գործով»,-շեշտեց պարոն Բաբայանը։