Ոսկեգործությամբ զբաղվողները կվճարեն արտոնագրային վճար
Գործադիր մարմինն այսօր հավանության արժանացրեց «Արտոնագրային վճարների մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ըստ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանի՝ օրենքի փոփոխության համար հիմք է հանդիսացել «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունը, ըստ որի շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր սահմանվել։ «Օրենքի նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի առեւտրով զբաղվողների դժգոհությունը»,- ասաց փոխնախարար Էմիլ Տարասյանը։ Օրենքի նախագծի համաձայն` առաջարկվում է մինչեւ 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար սահմանել արտոնագրային վճար՝ Երևանում 35 հազար դրամ մինչեւ 0.7 գծամետր տարածքի համար, գումարած 5000 դրամ՝ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Մարզկենտրոններում 0.7 գծամետրի համար՝ 25 հազար եւ 3000 դրամ՝ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Այլ քաղաքներում՝ 20 հազար դրամ և 2500 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Սահմանամերձ վայրերում արտոնագրային վճարը կսահմանվի 0 դրամ։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը նպատակ ունի օժանդակել ոսկեգործությանը։