ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԾԵԾԵՑԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Այսօր հերթական բռնությունը տեղի ունեցավ Երեւանի ուղիղ կենտրոնում. Սայաթ-Նովա եւ Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում ոստիկանները «հասարակական կարգը պաշտպանելու» նպատակով, «Հանուն Հայաստանի Հանրապետության»՝ (ինչպես ասաց ոստիկաններից մեկը-խմբ.) ծեծեցին «Հանրապետություն» կուսակցության Շենգավիթի տարածքային կազմակերպության անդամ Աշոտ Պողոսյանին:
Վերջինս, իբր այդ խաչմերուկում խախտել էր ճանապարհատրանսպորտային կանոնները, անցել էր կարմիր լույսի տակով: Իրականում, պարզապես Աշոտ Պողոսյանի վարած ավտոմեքենան ընդդիմության քարոզարշավի շարասյան վերջին մեքենան էր եւ տուգանային հրապարակ տեղափոխելու համար ամենահարմարը: Երբ Աշոտ Պողոսյանը փորձեց պարզել, թե որ խախտման համար են իր մեքենան ուզում տանել տուգանային հրապարակ, ոստիկանները նրան սպառնացին չենթարկվելու դեպքում բերման ենթարկել ոստիկանության բաժին. վայրկյաններ անց «դեպքի վայրում» հայտնվեց «ԵՐԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա` լցված կարմիր բերետավորներով: Լսելով ոստիկանության գնդապետի հրահանգը՝ «սեռական բնույթի հայհոյանքներ է տվել օրենքի պաշտպանին. գործ հարուցեք», նախ Աշոտ Պողոսյանին հրավիրեցին բաժին, ապա սկսեցին քաշքշել ու ոտքերով հարվածել փորին, ապա գցեցին գետնին եւ սկսեցին ընկածին հարվածել: Նրան պաշտպանելու փորձ անող մեքենայի մյուս ուղեւորները եւս ենթարկվեցին բռնության: Անգամ իր մասնագիտական պարտքը կատարող «Ա1+»-ի լրագրողին ոստիկանության կապիտանը փորձեց խոչընդոտել եւ հարվածեց: Մեզ չհաջողվեց ճշտել նրա անունը, բոլորը խնամքով թաքցնում էին նրա ազգանունը:
Մինչ շարասյան սկզբում գտնվող ընդդիմադիր պատգամավորները հասան դեպքի վայր, Աշոտ Պողոսյանի վիճակը ծանրացավ, նրա համար «Շտապօգնություն» հրավիրվեց: «Այո» քարոզարշավի համար Համալսարանի դահլիճը անընդհատ իշխանությանն են տրամադրում, մեզ ինչո՞ւ չեն տալիս, որ ստիպված փողոցներն ենք ընկած»,- ոստիկաններին հարցնում էր պատգամավոր Սմբատ Այվազյանը: ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը հայտարարեց, որ թույլ չի տա մեքենան տանել տուգանային հրապարակ, որովհետեւ պետավտոտեսուչները չեն կարող ապացուցել, որ խախտում է եղել: «Իսկ մենք ունենք ապացույց, որ ծեծել եք տղային, դուք պատասխան եք տալու»,- ոստիկանության գնդապետին եւ հատուկ նշանակության ջոկատի տղաներին տեղեկացրեց Սադոյանը:
«Նման երեւույթների, բեսպրեդելի պատճառն այն է, որ առանց դպրոց անցնելու գնդապետի ուսադիր են կրում, սրանք հատուկ ագրեսիվության դասընթացներ են անցնում, մեր ժողովրդին ոչ հատուկ ձեւով են վարվում՝ ոնց որ կվարվեր թուրքը հայի հետ»,- լրագրողներին դժգոհեց ոստիկանության դպրոց անցած գնդապետ, «Սպայի պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը, որը նաեւ համակարգում տիրող վիճակի համար որոշ չափով իրեն էլ մեղադրեց. «Երեւի ժամանակին լավ չեմ դաստիարակել»:
Ի դեպ, իրադարձությունների նման ելքը կանխատեսելի էր, քանի որ ավտոարշավի մեկնարկի նախատեսված ժամից շուտ Շահումյան հրապարակում կանգնած էին Երեւան քաղաքի ոստիկանության պետի տեղակալը, կենտրոնի ոստիկանապետը՝ Հովիկ Թամամյանը, այլ բարձրաստիճան ոստիկաններ, որոնք հենց սկզբից տրամադրված էին «խախտում արած մեքենային տանել պլաշչադկա»:
Դեռ կարմիր բերետավորների, ոստիկանների ու պատգամավորների բանակցությունները չավարտված, Աշոտ Պողոսյանին տեղափոխեցին Նոր Նորքի «Շտապօգնության» հիվանդանոց: