Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թքած ունեն, ինչ ուզում ես՝ գրի» (տեսանյութ)

Քաղաքականություն
adibekyan

Համաձայն ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության այս տարվա տվյալների ՝ Հայաստանը ԶԼՄ-ների ազատությամբ 199 երկրների շարքում զբաղեցնում է 136-րդ տեղը, իսկ առաջին տեղում է գտնվում Ֆինլանդիան։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանը 180 երկրից զբաղեցրել է 78-րդ տեղը։ Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Freedom House-ի այս տվյալները որակում է որպես ծաղրանք, քանի որ պետք է հաշվի առնել նաև երկրի ժողովրդավարական վիճակն ու խոսքի ազատությունը, ինչն էլ իր հերթին բխում է տնտեսական ազատությունից։ Բանախոսը նաև նկատում է, որ այս տվյալները մեթոդաբանական առումով ևս սխալ իրականացված հարցումների միջոցով են իրականացվել։ «Մեր երկրում հասարակության ճնշող մեծամասնությունը տեղեկություններ է ստանում համացանցի միջոցով, և այդ առումով կարող ենք նշել, որ Հայաստանը համացանցի ազատության տեսանկյունից առաջատար դիրքերում է»,-նշեց Ահարոն Ադիբեկյանը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ մեր երկրում էլ կան ԶԼՄ-ներ, որոնք կուսակցականացված են, և պատկանում են այս կամ այն պաշտոնյայի։ «Ամեն մի քաղաքական ուժ իր հեռուստաընկերությունն ունի ՝ ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը , Գագիկ Ծառուկյանը ևս ուներ, «Արմենիա» ՀԸ էլ ամբողջովին հանրապետականացված է։ Սակայն այս առումով պետք է նշեմ, որ տարբեր հեռուստաընկերություններ տարբեր կերպ են մոտենում նույն խնդրին, և այն իրենց տեսանկյունից են մեկնաբանում, դա էլ հեռուստադիտողին այլընտրանքի հնարավորություն է տալիս»,-ասաց նա։ Ահարոն Ադիբեկյանն այս համատեքստում շեշտում է, որ Արևմուտքում օրենքով արգելված է ԶԼՄ-ները ենթարկել որևէ քաղաքական ուժի, հակառակ դեպքում այդ ՀԸ-ն կարող են դատի տալ ՝ որևէ պաշտոնյայի ջրաղացին ջուր լցնելու համար։ «Մեզ մոտ ևս արգելված է դա, սակայն դրան ոչ մեկն ուշադրություն չի էլ դարձնում, և ուշադրություն էլ չեն դարձնում, թե որ լրատվամիջոցը ինչ է գրում իրենց մասին ՝ թքած ունեն, ինչ ուզում ես՝ գրի»։