Հալեպում դասերի ժամանակ երեխաներին մառան են իջեցնում (տեսանյութ)
Հայաստան վերադարձած սիրիահայերի միակ խնդիրը բնակարան եւ աշխատանք գտնելն է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրեն Անի Մելքոնյան- Բոյաջյանը: Նա եւս վերադարձել է Հայաստան եւ եթե աշխատանք գտնի, կմնա, իսկ եթե ոչ՝ ստիպված կվերադառնա Հալեպ: Նրա խոսքերով՝ վերջին չորս տարվա ընթացքում ամենաշատ վնասված գաղութը Հալեպն է եղել: Տիկին Մելքոնյան- Բոյաջյանը հիշում է, որ երբ նախորդ տարի հավաքված որոշում էին դասերը սկսել, թե՝ ոչ, փամփուշտը անցել է իրենց կողքով: Ուստի դասերը սկսել են անցկացնել ակումբում՝ մոմի լույսի տակ: «Երբ դպրոցի մեջ կրակոցները սկսվում էր, երեխաներին իջեցնում էինք նկուղ,- հիշում է նա:-Ներկա պահին ավելի վատ վիճակի մեջ են, որովհետեւ ինչ ունեին պահած ընտանիքները, ծախել, վերջացրել են»։ ՍԴՀԿ Հայաստանյան վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն էլ ավելացրեց, որ Հալեպում մնացել են միայն նրանք, ովքեր չեն կարող այնտեղից դուրս գալ։ Նրա խոսքերով՝ տասնհինգ հազարից ավելի հայեր կան Հալեպում եւ երկրորդ տեղահանում չեն ուզում ապրել: