Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Քաղաքականություն

Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքականության գերակա ճյուղ համարվող կոռուպցիայի դեմ պայքարում ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակն էլ է ցանկանում լուրջ մասնակցություն ունենալ: Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ դեսպան Վլադիմիր Պրյախինը` «Արդյունավետ կառավարման միջազգային փորձի կիրառումը ազգային հակակոռուպցիոն միջոցառումներում» խորհրդաժողովի ժամանակ:

«Ակտիվացել են միջազգային ջանքերը այս ոլորտում: Միջոցառումների շնորհիվ կարող ենք արձանագրել, որ կան որոշակի արդյունքներ: Սակայն կոռուպցիան այնպիսի չարիք է, որ հնարավոր չէ միանգամից արդյունքի հասնել: Այն երկարատեւ պայքար է պահանջում: Մենք գտնում ենք, որ հակակոռուպցիոն աշխատանքները ժողովրդավարացման գործընթացի կարեւոր բաղադրիչներն են»,- ասում է ԵԱՀԿ դեսպանը:

Իսկ ՄԱԿ-ի Հայաստանում մշտական համակարգող, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալի խոսքերով. «ՄԱԿ-ը կարեւորում է ինչպես պետության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ջանքերը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին: Սա ոչ միայն քաղաքական ոլորտի խնդիր է, այլ մեզանից յուրաքանչյուրը պետք է որոշակի դեր խաղա այս խնդրում»:

Խորհրադաժողովում այսօր հիմնականում քննարկվեց Հայաստանում գործող հակակոռուպցիոն ռազմավարության, օրենսդրության եւ կառույցների արդյունավետությունը, հասարակության դերն ու աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին, հանրայաին աջակցության դերը քաղաքական կամքի ձեւավորման գործում:

Կոռուպցիայի պայքարում միջազգային փորձագետ Բերտրան դե Սպեվիլի պնդմամբ. «Շատ կարեւոր է, որ լինի քաղաքական կամք: Գիտենք, որ քիչ բան կարելի է անել, եթե պետական այրերը տրամադրված չեն: Երկրորդը` պետք է լինեն կոռուպցիայի դեմ օրենքներ»: Ընդհանուր առմամբ փորձագետը թվարկեց 7 գործոն, որոնց առկայությունն անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ պայքարում. «Գործընթացը ցավոտ է, երկարատեւ եւ թանկ»:

Ի դեպ, միջազգային փորձագետը բավականաչափ ուրախացել է, երբ տեսնել է, որ Հայաստանի քրեական օրենսգրքում կա կոռուպցիայի վերաբերյալ հոդված: Նրա հավաստմամբ՝ շատ երկրներ դա չունեն:

Քննարկվող թեմայի շրջանակում Տարածքային զարգացման կենտրոն «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հայաստանյան մասնաճյուղի» ղեկավար Ամայլա Կոստանյանը նշեց, որ հաճախ հասարակությունը ասում է, որ կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների գործն է, թող իրենք էլ լուծեն: «Սխալ է: Կոռուպցիայի արատավոր շրջանում բոլորս ենք: Միջազգային ընդունված նախադրյալներն են՝ քաղաքական կամքի, անհրաժեշտ ինստիտուտների հետ մեկտեղ հասարակական ճնշումը, աջակցությունը պարտադիր պայման է: Ծանր է` նվիրվածություն, ռեսուրսներ եւ ժամանակ է պահանջում»,-ասում է նա: