Եվրոպական խաղերը` որպես նախապատրաստական փուլ
«Իմ սաներն այժմ 100 տոկոսանոց մարզավիճակում չեն, քանի որ նրանք պատրաստվում են սեպտեմբերին նախատեսված աշխարհի առաջնությանը: Այնպես որ, Բաքվում կայանալիք եվրոպական խաղերը մտնում են հավաքականի նախապատրաստական փուլի մեջ» - այսօր մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հավաքականի անդամներից ոչ մեկը չի հրաժարվել Բաքու մեկնելուց: «Ինքս արդեն մեկ անգամ եղել եմ Բաքվում, գիտեմ, թե ինչ լարված մթնոլորտում են անցնելու մարտերը: Սակայն տղաներից ոչ մեկը չհրաժարվեց մեկնելուց` ասելով, որ ինչպես մարզիչները կասեն, այնպես էլ` կվարվեն»: Հավելենք, որ մեր ազատ ոճի ըմբիշներն այժմ ուսհավաք են անցկացնում Երեւանում: Հունիսի 15-ին հավաքականը կմեկնի Թբիլիսի, որտեղից երեկոյան կթռնի Բաքու: Հունիսի 19-ին մեր ըմբիշները կվերադառնան եվրոպական խաղերից: