Շուշան Պետրոսյանը «Ա1+»-ի լրագրողի հանդեպ բռնությունից տեղյակ չէ
Կիեւում լրագրողների անվտանգության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված կոնֆերանսին մասնակցելու ժամանակ ՀՀԿ պատգամավոր Շուշան Պետրոսյանը չի բարձրաձայնի Հայաստանում լրագրողների հանդեպ իրականացվող որեւէ խոշտանգման դեպք. «Բոլոր ոլորտների մարդիկ պետք է պաշտպանված լինեն, ես դեմ եմ ցանկացած խոշտանգման, բայց դրսում որեւէ օրինակով ես այն չեմ արծարծի, քանի որ դա բիծ կլինի իմ երկրի համար»։ Շուշան Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը կարող է պաշտպանել լրագրողներին, բարձրաձայնել այդ խնդիրները, բայց միայն Հայաստանում՝ ներքին կարգով։ Ի դեպ, պատգամավորը տեղյակ չէր, որ ԱԺ անվտանգության աշխատակիցը, նախորդ տարվա սեպտեմբերին հարվածել էր «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին. «Ես այդ օրերին Արցախում եմ եղել, տեղյակ չեմ»։ Հիշեցնենք, որ ըստ ԱԺ կայքի՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Կարինե Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Շուշան Պետրոսյանը եւ Ռուբիկ Հակոբյանը 2015 թ. հունիսի 13-14-ը մեկնելու են Կիեւ՝ լրագրողների անվտանգության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված կոնֆերանսի աշխատանքներին մասնակցելու նպատակով։