ՀԷՑ-ի տնօրենը հոսանքի թանկացման համար հիմնավորումներ չունի
«Հանրապետական» խմբակցությանը պարզաբանումներ ներկայացնելու համար այսօր Ազգային Ժողովում էր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը։ Այս մարդը համառորեն չպատասխանեց իր ղեկավարած հիմնարկում կատարված չարաշահումների եւ վատ կառավարման մասին լրագրողների հարցերին։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ խմբակցությունը հարցեր է տվել եւ հիմա սպասում է հանձնաժողովի որոշմանը։ Բիբինի դիրքորոշման մասին՝ ոչ մի խոսք. «Ինքը առայժմ հիմնավորումներ չտվեց, ինձ թվում է, որ հետեւություններ կանեն իրենք, ինձ թվում է կգնան, հետեւություններ կանեն»։ Վահրամ Բաղդասարյանը չբացառեց, որ սակագնի բարձրացման թվային արտահայտության մասին կոնկրետություն կլինի հավանաբար հանձնաժողովի նիստից մեկ-երկու օր առաջ։ Իշխանությունը չի էլ քննարկում, որ սակագինը չբարձրացնելը բացառված է. «Հանձնաժողովը հիմա ուսումնասիրում է եւ այն օբյեկտիվ փաստարկները, որոնք որ կլինի, այդ օբյեկտիվ փաստարկների շրջանակներում հանձնաժողովը կկայացնի իր որոշումը»։