10 օրում՝ 2 ողբերգական դեպք. ով է պատասխան տալու
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ-ում այսօր նախորդ տարվա պետական բյուջեի քննարկմանը, հարց ուղղելով Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանին, խոսեց վերջին օրերին գազալցակայաններում ողբերգական ելքերով տեղի ունեցած երկու պայթյունների մասին. «Կուզենայի ձեր դիրքորոշումը իմանալ՝ արդյոք սխալ մշակած քաղաքականությա՞ն հետեւանք է ու ի՞նչ հետեւություններ եք անելու դրանից, որ տասը օրվա ինտերվալով երկու ողբերգական դեպք: Դուք՝ որպես քաղաքականություն մշակող մարմին, տեսնո՞ւմ եք ձեր պատասխանատվությունն այստեղ»: Փոխնախարար Էմիլ Տարասյանը նշեց, որ իրենք մշակում են քաղաքականություն, իրականացնում տեխնիկական կանոնակարգեր. «Անվտանգության նորմերը վերահսկում է ՏԿԱԻՆ-ը: Ես միանշանակ չեմ կարող ասել՝ որն է այդ միջադեպերի պատճառը. այդ ոլորտում շատ խնդիրներ ունենք»: Փոխնախարարը նաեւ նշեց, որ իրենք մեկ տարում մոնիթորինգ են իրականացրել ԱԳԼՃԿ-ներում: