«Դեֆիցիտը կազմել է 2 մլրդ դոլար, տրանսֆերների ծավալը կրճատվել է»
ԱԺ-ն այսօր քննարկում էր 2014թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության տնտեսական հատվածի ծախսերն ու իրականացված ծրագրերը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարց ուղղելով ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, նկատեց, որ ներկրումը սկսել է գերազանցել արտահանումը, իսկ դեֆիցիտը կազմել է երկու մլրդ դոլար. «Դեֆիցիտը հաղթահարելու համար պետք է լինի ֆինանսական միջոցների ներհոսք, սակայն արտաքին ֆինանսավորում կարծես թե չենք ստանում: Մեր երկրում դեֆիցիտը հիմնականում փակվում է տրանսֆերների միջոցով, որի ծավալները էականորեն կրճատվել են՝ մոտ քառասուն տոկոսով, որն իր հերթին խթանում է արտագաղթը»: Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ զարգացումները պետք է դինամիկայի մեջ անեն. «Ընդհակառակը, արտահանման աճի տեմպը գերազանցել է ներմուծումը, սա կարող իրավիճակ փոխել: Սա կբերի նրան, որ էլ չենք ունենա բացասական հաշվեկշիռ: Դրա ճանապարհը նաեւ այն ծրագրերն են, որոնք կառավարությունն է ներկայացնում: Ես երկնային, աներեւակայելի բաների մասին չեմ խոսում, այլ շատ կոնկրետ բաների մասին եմ ասում»: