Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԵՄ-ն կասկածներ ունի դրամաշնորհների ծախսման առնչությամբ»

Քաղաքականություն
65fbd56a6c7d2ed840e28e5b03922c5e

2014թ. Եվրաինտեգրման ուղղությամբ արված ծախսերի քննարկմանն այսօր ԱԺ-ում բացի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանից, այլ ՀՀԿ-ական պատգամավորներ չկային: Ներկա էին միայն ԲՀԿ պատգամավորներն ու ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հարցը, ուղղված ՀՀ Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին, վերաբերում էր ԵՄ-ից ստացվող դրամաշնորհներին ու ֆինանսական միջոցներին. «Որոշ դրամաշնորհային ծրագրեր չեն իրականացվել: ԵՄ ներկայացուցիչները մեզ հետ զրույցներում որոշակի կասկածներ են հայտնում դրամաշնորհների ծախսման թափանցիկության հետ կապված: Նրանք ցանկանում են օպտիմալացնել մոնիթորինգը՝ կոռուպցիոն ռիսկերի հետ կապված: Ուզում եմ հասկանալ՝ վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվում, քանի որ նրանք լիովին բավարարված չեն ֆինանսական հոսքերի թափանցիկությամբ»: Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ բոլոր ֆինանսներն ուղղված են եղել նպատակային ծրագրերին ու բոլոր միջոցները դրամաշնորհի տեսքով են եղել. «Ֆինանսական բոլոր հոսքերն ունեն փոխհամաձայնեցված նախապայմաններ»: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին երեք հարց էր հետաքրքրում՝ ե՞րբ է պարտքը համարվում պետական պարտք՝ ընթացակարգը, մեկ տարվա կտրվածքով ՀԿ-ները ԵՄ-ից տարեկան միջինում ի՞նչ կարգի գումար են ստանում. «Նաեւ ինձ հետաքրքրում է այն, որ ԵՄ-ից ՀՀ ներդրումները կտրուկ նվազեցին սեպտեմբերի երեքից հետո, երբ ՀՀ քաղաքական իշխանությունը շոկային շրջադարձ կատարեց դեպի ԵՏՄ պայմանագիր»: Առաջին հարցի հետ կապված Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ պետական պարտք համարվում է այն, երբ տեղի է ունենում առաջին մասհանումը: Ինչ վերաբերում է ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհների չափին, ապա նա նշեց, որ այդ մասին տեղեկատվություն չունի. «Հասկանալի չէ, թե ինչու էիք կարծում, թե ես կունենայի նման տեղեկություն: Իսկ ուղղակի ներդրումների մասին եւս տեղեկություն չունեմ»: