FIDH-ն դիմեց ԵՄ-ին . Հայաստանում անպատժելիությունը լուրջ խնդիր է
Ռիգայում մայիսի 21-22-ին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան(FIDH), եւ նրա գործընկեր կազմակերպությունը Հայաստանում՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» (ՔՀԻ), կոչ են անում ԵՄ-ին ավելի նպատակային եւ արդյունավետ աջակցություն ցուցադրել Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Նրանք այսօր հանդես են եկել համապատասխան առաջարկություններով, որոնք կարող են խթանել բարեփոխումները եւ ամրապնդել ԵՄ մոնիտորինգի գործիքները, որոնք օգտագործվում են գնահատելու դրանց արդյունավետությունը: Աջակցությունը մարդու իրավունքներին եւ արդարադատության բարեփոխումներին մշտապես եղել է առաջնահերթություն ԵՄ-Հայաստան հարաբերություններում՝ 1999թ-ից ի վեր, երբ ԵՄ-Հայաստան հարաբերությունները պաշտոնապես ամրագրվեցին Գործընկերության և համագործակցության համաձայնագրով : Վերջին տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ջանքեր է գործադրել համապատասխանեցնելու օրենքները իր միջազգային պարտավորություններին: Ինչեւէ, FIDH եւ ՔՀԻ-ն ցավում են, որ բարեփոխումների գործընթացը շարունակում է մնալ դանդաղ Հայաստանում ու հիմնականում ձեւական բնույթ է կրում: Սա հատկապես վերաբերում է դատական համակարգի անկախությանը եւ արդար դատաքննության իրավունքին, խոշտանգումների կանխարգելմանը եւ դրա անպատժելիության դեմ պայքարին, ինչպես նաեւ ՔԿՀ բարեփոխումներին: ՀԿ-ները պարբերաբար բարձրաձայնել են իրենց մտահոգությունները դատական համակարգի անկախության վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկրում մեծամասնությունը կարծում է, որ դատական համակարգը կոռումպացված է՝ ԵՄ-ն պետք է կոչ անի Հայաստանի իշխանություններին ապահովել օրենքի առջեւ հավասարության սկզբունքի իրավունքի արդյունավետ իրականացումը: Չնայած նրան, որ մեծ ուշադրություն է դարձվում խոշտանգումներին եւ դրա դեմ պայքարի ջանքերին, խոշտանգումները եւ վատ վերաբերմունքը ոստիկանությունում եւ դրանց անպատժելիությունը շարունակում են մնալ լուրջ խնդիր Հայաստանում: Երկրի օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելը Հայաստանի համար կլիներ առաջնահերթություն խոշտանգումների դեմ պայքարում: Միեւնույն ժամանակ, ԵՄ-ն պետք է ակտիվացնի իր ջանքերը վերահսկելու համար օրենքների իրագործումը, որոնք միտված են կանխելու խոշտանգումները եւ պայքարելու դրանց դեմ: ՔՀԻ-ն եւ FIDH- ը կոչ են անում ԵՄ-ին լուծելու արդարադատության բարեփոխումների հարցը համապարփակ ճանապարհով՝ քաղաքական երկխոսության միջոցով՝ եւ վերանայելով ցուցանիշները, որոնցով ԵՄ գնահատում է իր աջակցությունը բարեփոխումներին: Վերջապես, ԵՄ-ն պետք է օգնի քաղաքացիական հասարակության ամրապնդմանը, եւ ուժեղացնի Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար գտագործվող իր մոնիտորինգի եւ գնահատման մեխանիզմները: Զեկույցն ամբողջությամբ կարդալ այստեղ