Ի. Ալիեւը չի մասնակցի Ռիգայի գագաթնաժողովին, իսկ Սերժ Սարգսյա՞նը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի մայիսի 21-22-ին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին։ BBC Russian-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովը։ Նա պարզաբանել է, որ չմասնակցելու պատճառը Ալիեւի չափազանց հագեցած օրակարգն է. «Մինչև Եվրոպական խաղերի մեկնարկը, քիչ ժամանակ է մնացել, այժմ վերջին նախապատրաստական աշխատանքներն են տեղի ունենում։ Այդ պատճառով պետության ղեկավարը չի կարողանա մասնակցել գագաթնաժողովին»,-ասել է Հասանովը: «Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում ու տնտեսական ինտեգրացիա Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի միջև: Կայքը հաղորդում է, որ ավելի վաղ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվել են նաեւ Հայաստանի ու Բելառուսի նախագահները։ Մինչդեռ այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը մասնակցելու է գագաթնաժողովին։