Մեր շախմատիստուհիները կպայքարեն 11 հազար եվրոյի համար
Աջարիայի մայրաքաղաք Բաթումիի մոտ գտնվող Չակվի փոքր քաղաքում այսօր կմեկնարկի շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը, այս տարի մասնակցելու հայտ է ներկայացրել 98 շախմատիստուհի, որոնցից 53-ը գրոսմայստեր են: Հայաստանից հանդես կգան 8 հոգի: Նրանք են գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան, միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Մարիա Գեւորգյանը, առաջին կարգայիններ Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը: Մասնակիցների թվով Հայաստանը զբաղեցնում է 4-րդ տեղը` զիջելով Վրաստանին (28), Ռուսաստանին (17) եւ Ադրբեջանին (13): Այսօր կայանալիք առաջին տուրում մերոնցից առավել լուրջ մրցակիցներ են բաժին հասել Մարիա Կուրսովային եւ Աննա Հայրապետյանին: Առաջինը, ով սպիտակներով կմրցի վրացուհի գրոսմայստեր Բելա Խոթենաշվիլու հետ, իսկ երկրորդը ուժերը կչափի ռուսաստանցի Ալինա Կաշինսկայայի հետ: Նշենք, որ մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Մրցանակային հիմնադրամը կազմում է 60 հազար եվրո: Կպարգեւատրվեն 1-20-րդ տեղերը գրավող շախմատիստուհիները: Չեմպիոնը կստանա 11 հազար եվրո պարգեւ: