Մորգենթաու ընտանիքը ծառ է տնկել Հրանտ Դինքի հիշատակի անտառում
Ամերիկայի հայկական համագումարը, Հայաստան ծառատունկ ծրագիրը հյուրընկալել են Մորգենթաու ընտանիքին Հայաստանում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակմանը մասնակցելու համար Մորգենթաու ընտանիքի տաս անդամները, ներառյալ` դեսպան Մորգենթաուի 8 ծոռները և երկու թոռան թոռները մասնակցեցին մի քանի միջոցառումների` ի պատիվ Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուի հիշատակին: Նրանց հյուրընկալել էր Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) և Հայաստան ծառատունկ ծրագիրը (ՀԾԾ):
Դեսպան Մորգենթաուի երկու ծոռների` Հենրի Մորգենթաու 3-րդի որդի Հենրի (Բեն) Մորգենթաու 4-րդի, և Ռոբերտ Մորգենթաուի (նախկին Մանհեթենի Նյու Յորք քաղաքի շրջանային դատախազ) որդի Բոբ Մորգենթաուի, գլխավորությամբ Մորգենթաու պատվիրակությունը հյուրընկալվեց Երևանում:
Սա դոկտոր Բեն Մորգենթաուի երկրորդ այցն էր Հայաստան: Առաջին այցելությունը եղել է 1999թ.-ին իր հոր` Հենրի Մորգենթաու 3-րդի և իր եղբայր` Քրեյմեր Մորգենթաուի հետ` Հայոց ցեղասպանության հուշահամալիրի Հիշատակի պատի վրա դեսպանի անունը փակցելու կապակցությամբ, որտեղ նաև բերվել էր դեսպան Մորգենթաուի գերեզմանի հողից: Այդ այցի կապակցությամբ Երևան քաղաքի դպրոցներից մեկը վերանվանվել էր դեսպան Հենրի Մորգենթաուի անվամբ:
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը և Համագումարի խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը միացան Բոբ Մորգենթաուին և Բեն Մորգենթաու 4-րդին` իր կնոջ ԲեքիԼինին և որդի Հենրի Մորգենթաու 5-րդին` Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատուն այցելությանը, որտեղ նրանք հանդիպեցին Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին ապրիլի 27-ին` երկուշաբթի օրը: Դեսպանատան մի քանի ծառայողներ ողջունեցին Մորգենթաու պատվիրակությանը` ներկայացնելով տեղեկություններ ծրագրային գործունեության մասին և պատասխանելով հարցերի:
Դեսպանատուն այցելությունից հետո, Մորգենթաու ընտանիքը և Վարդանյանը այցելեցին Համագումարի քույր կազմակերպություն` Հայաստան ծառատունկ ծրագիր: Վերջինս շահույթ չհետապնդող ծրագիր է Ուոթերթաունում (ԱՄՆ Մասաչուսեթս նահանգ) և Երևանում, որն իրականացնում է կենսական կարևորության բնապահպանական ծրագրեր Հայաստանի քաղաքներում և գյուղերում: Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանության կրթական կենտրոնում Հայաստան ծառատունկ ծրագրի անձնակազմը սիրով հյուրընկալեց Վարդանյանին ու Մորգենթաու ընտանիքին, և ներկայացրեց ՀԾԾ-ի գործունեությունների ու նախագծերի նկարագիրը: Ճաշից հետո, Մորգենթաու ընտանիքը` Համագումարի և ՀԾԾ-ի անձնակազմի ուղեկցությամբ, այցելեցին Մարգահովիտում գտնվող Հրանտ Դինքի անվան հիշատակի անտառը, որտեղ նրանք ծառ տնկեցին` ի պատիվ դեսպան Մորգենթաուի: Այսօր, Հրանտ Դինքի անվան անտառն ունի 36.000+1 ծառ:
Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը նշեց. «Համագումարի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մորգենթաու ընտանիքին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան այս պատմական ճանապարհորդության համար: Յուրաքանչյուր հայ մեծանում է՝ լսելով դեսպան Մորգենթաուի մասին: Նրանց ներկայությունը մեծապես գնահատվեց բոլորի կողմից և վերահաստատեց հայ ժողովրդի ու ամբողջ Մորգենթաու ընտանիքի միջև շատ առանձնահատուկ կապը: Պատիվ էր և մեծ արտոնություն հանդիպել ու աշխատել նրա ժառանգների հետ, ովքեր այսօր շարունակում են դեսպանի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործը, վերջ դնելով բոլոր ցեղասպանություններին, և շարունակելով իրենց պապի ժառանգությունը»: