Եթե ձեր սիրելին ուզում է կոշիկները դնել սառնարանում, դրեք. Պետչ Ադամս (տեսանյութ)
«Սիրեք ինքներդ ձեզ, գրկեք՝ պինդ-պինդ եւ կրկնեք՝ սիրում եմ ինձ, կտեսնեք, թե կյանքն ինչքան լավը կդառնա»,- այս խորհրդով ու հայ ժողովրդին սիրելու համար է ամերիկացի բժիշկ եւ ծաղրածու Պետչ Ադամսը եկել Հայաստան։ Հիվանդանոցային ծաղրածուական արվեստի վարպետն ու ծիծաղի հոգեթերապիայի հիմնադիրներից մեկն այսօր հանդիպել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողների հետ։ «Ես տեսնում եմ, որ ոչ բոլորդ եք գրկել ձեզ, ես հասկանում եմ՝ դա հեշտ չէ։ Բայց փորձեք դա շատ կարեւոր է։ Ես տեսնում եմ, որ հատկապես տղաներն են դժվարանում, դա բնական է, տղամարդկանց 85 տոկոսը վտանգավոր է կանանց համար, քանի որ սերը նրանց կյանքում միայն 5-րդ տեղն է գրավում։ Դա աղետ է»։ Ադամսը համոզված է՝ մարդիկ մինչեւ անկաշկանդ չսիրեն իրենք իրենց, ապա ոչ մեկին չեն կարող անկեղծ սիրել. «Նախ՝ ձեզ սիրեք, հետո ձեր ընտանիքին եւ միայն դրանից հետո խիզախություն կունենաք սիրել անծանոթ մարդու»։ Ծաղրածու բժիշկը ցավով է նշում, որ աշխարհի ոչ մի դպրոցում սիրո մասին դաս չկա ու բացը մի փոքր լրացնելու համար հավաքված ուսանողներին խորհուրդ է տալիս. «Եթե սիրում եք ինչ-որ մեկին, ապա արեք այն, ինչ նա է ուզում, ամեն ինչ, եթե, իհարկե, դա ձեր բարոյական չափանիշներին համապատասխանում է։ Եթե դուք հանում եք ձեր կոշիկները եւ ձեր սիրելին ուզում է, որ դուք այն դնեք սառնարանում, ապա դրեք, ինչո՞ւ չէ»։ Ապագա բժիշկների հետ Պետչ Ադամսը չէր կարող չխոսել իր ուսանողական տարիներից։ Ուսուցանելով բժշական համալսարանում, նա հիշում է, որ միշտ խնդիրներ է ունեցել, քանի որ չի ընդունել ավանդական դեղորայքային բուժումները. «Ինձ համար ցավալի է, որ աշխարհը լցվել է այդ աղբով՝ դեղորայքով։ Ես իմ հիվանդներից ոչ մեկին այդքան շատ չեմ ատում, որ նրան դեղ առաջարկեմ։ Բժիշկները գումար են վերցնում, անգամ երբ կործանում են մարդկանց կյանքերը, դա զարհուրելի է»։ Բժիշկը համոզված է, որ կյանքում ամեն բան հենց տվյալ մարդուց ու իր հոգեվիճակից է կախված եւ ոչ ոք նրան չի օգնի, եթե ինքը չցանկանա դա. «Ես համոզված եմ, որ շիզոֆրենիա հիվանդություն գոյություն չունի, դա հորինված է։ Հասարակությունն է մեղավոր, որ մարդիկ տանջվում են»։ Ի դեպ, բժշկական համալսարանում Պետչ Ադամսի հանդիպումը ուսանողների հետ նախատեսվածից երկար տեւեց, ուսանողների հարցերը չէին ավարտվում, բժիշկը նույնպես հեռանալ չէր շտապում։ Հայաստանում գտնվելու օրերին բժիշկը կայցելի հիվանդանոցներ, ծերանոցներ ու մանկատներ, ծաղրածուական հագուստներով ներկայացումներ կկազմակերպի։ Հայտնի է, որ Պետչ Ադամսի ներկայացումների շնորհիվ մարդիկ կարողանում են արագ հաղթահարել հիվանդությունը։