Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր քաղաքական միավորի ստեղծումը վայրկյանի հրամայականն է. Տ. Ուրիխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
urix

«Ալյանս» ցենտրիստական կուսակցությունը եկել է համալրելու ընդդիմության շարքերը. այսօր կուսակցության համագումարի ժամանակ հայտարարել է նախաձեռնող խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը. «Հարցնում են, թե որքանով է նպատակահարմար այսքան կուսակցությունների կողքին եւս մեկը բացել: Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք բավարարում է այն, ինչ առաջարկում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը խիստ քաղաքականացված մեր հասարակությանը»: Տիգրան Ուրիխանյանը վստահ է, որ խորհրդարանի մեծ մասը ընդդիմություն է, բացի հանրապետական կուսակցությունից։ Նա հիշեցնում է, որ անցած տարի այդ ուժերը ստեղծեցին սոցիալական, իրավական ու տնտեսական մի օրակարգ, որը հետագայում դարձավ քաղաքական ու իր նպատակին չհասավ. «Փետրվարին այս միասնությունը տապալվեց,ապա ապաակտիվացավ: Հիմա հարց` արդյո՞ք կարիք չկա համալրելու ընդդիմության շարքերը»: ԱԺ պատգամավորը մեկ առ մեկ նշեց Հայաստանում առկա բոլոր խնդիրներն ու խոցելի կետերը: Նա վստահեցրեց, որ ի դեմս նորաստեղծ կուսակցության անդամների, դեռ կան մարդիկ, որ մտածում են, որ իրենց բնակարանից դուրս կա նաեւ մուտք, բակ, փողոց ու երկիր, որի բարեկարգումն ու բարգավաճումը կախված է հենց իրենցից. «Ես ուզում եմ, որ մենք քաղաքական սերնդափոխություն անենք, ես ուզում եմ, որ մենք` ոչ իշխանական ուժերով, շարունակենք մեր քայլերը հասարակությանը պաշտպանելու համար»: Տիգրան Ուրիխանյանը շնորհակալություն հայտնեց այն քաղաքական թիմին, որի հետ քայլել է երկրում առկա խնդիրներին ընդառաջ. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԲՀԿ-ին եւ խմբակցության անդամներին, որոնց հետ մենք հիմա էլ շարունակում ենք մարդկանց դարդին ու ցավին ականջալուր լինել։ Բայց քաղաքական իրավիճակը այնպիսին է, որ նոր քաղաքական միավորի ստեղծումը վայրկյանի հրամայականն է, ես այստեղ հասարակական պատվեր եմ տեսնում»։