«10 հազար մարդ դուրս գա փողոց, իշխանությունը կնահանջի» (տեսանյութ)
«Այս թանկացումն արվում է միայն մի նպատակով՝ փակել ՀԷՑ-ում հանցավոր ճանապարհով կուտակված 250 միլիոն դոլար պարտքը»,- ասում է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։ Ըստ Լեւոն Զուրաբյանի, էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելով՝ իշխանությունները ցույց են տալիս, որ բացարձակապես մտադիր չեն բացահայտել ՀԷՑ-ում տեղի ունեցող չարաշահումները, այլ շարունակել թալանը. «Դա նաեւ նշանակում է, որ ապագայում մենք ունենալու ենք նոր պարտքերի կուտակում եւ նորից անհրաժեշտություն թանկացնելու էլեկտրաէներգիան։ Դա կարող է լինել մեկ տարի հետո, երկու տարի հետո»։ ՀԱԿ-ը մտադիր է էլեկտրաէներգիայի թանկացման հարցը քննարկել Ազգային Ժողովի արտահերթ նիստում, որի ձեւաթուղթն արդեն պատրաստ է, անհրաժեշտ է հենց այսօր 44 պատգամավորի ստորագրություն. «Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեր քայլերը կարող են արդյունքի չբերել, բայց ինչ-որ բան պետք է անել։ Սա կփորձենք, չստացվի, ուրիշ քայլեր կփորձենք»։ Ուրիշ քայլերը բողոքի գործողություններն են, անհրաժեշտ է ուժեղացնել դիմադրությունը եւ մի քանի հազար մարդ դուրս բերել փողոց։ Անցյալ թանկացմանը դա փորձել են. «Անցյալ անգամ, հիշում եք, երբ որ թանկացումը եղավ, մոտ, չգիտեմ, 2 հազար մարդ էր եկել ամենաշատը։ Եվ ինչ-որ չափով նաեւ քաղաքացու անտարբերության հետեւանք էր այն, որ չկարողացանք կանխել ծրագիրը»։ Միայն ժողովրդի ուժեղ հակազդեցությունն այսօր կկանխի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը համոզված է Լեւոն Զուրաբյանը։ Վերջինս հիշեցնում է, որ սակագների թանկացման դեմ բողոքելն այն հարցը չէ, որտեղ պետք է մտածել դափնիների մասին, սա բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական խմբերի ու անհատների հարցն է. «Էնպես էլ հարց չի, որ ասենք, իշխանության հարց է լուծվում, իշխանությունն իսկապես կնահանջի, եթե տեսնի ժողովրդի համառ ճնշումը։ Մի անգամ նահանջի, դա բացելու է ճանապարհը»։ Ինչքան ժողովուրդը թույլ տա, որ իրեն թալանեն, այնքան թալանելու են։ Իշխանության համար, ըստ պարոն Զուրաբյանի, բարոյական արգելքներ չկան, ինքը նույնիսկ փորձարկումներ է անում՝ թանկացնում է, տեսնում է դիմադրություն չկա, նորից է թանկացնում, գոնե մեկ անգամ ժողովուրդը պետք է փողոց դուրս գա. «Եվ 30 հազար մարդ էլ դուրս գա, 30 էլ չէ, 10 հազար մարդ դուրս գա փողոց, իշխանությունը կնահանջի»։